ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել է նվազագույնին
ԱՄՆ-ի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել շուրջ 16,6 հազար մարդու, որոնք 2017 թվականի մարտին փորձել են անօրինականորեն հատել մեքսիկաամերիկյան սահմանը, ինչը 30 տոկոսով պակաս է, քան նախորդ ամսին եւ 64տոկոսով պակաս, քան 2016 թվականի մարտին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի մաքսային եւ սահմանային հսկողության բյուրոյի կայքը:
Այսպիսով, այս տարվա մարտին ԱՄՆ-ի հարավարեւմտյան սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը հասել է 2000 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով արգելապատի կառուցումն սկսելու մասին: Նախօրյակին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին պատմել է, թե ինչ տեսք է ունենալու այդ պատը:
Նրա խոսքով՝ այն համատարած չի լինելու. արգելապատն իրենից ներկայացնելու է ցանկապատերի, էլեկտրոնային սարքերի, դիտանոցների եւ որմնակոնստրուկցիաների համադրություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: