Բաժիններ՝

«Կարծում եմ՝ դա շատ ցավալի օր է Ռուսաստանի համար, քանի որ նրանք կանգնած են միասին». Թրամփ

Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը տհաճ իրադարձություն է դարձել Ռուսաստանի համար, որը պաշտպանում Է Դամասկոսին: The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես կարծում եմ, որ դա շատ ցավալի օր է Ռուսաստանի համար, քանի որ նրանք (ռուսաստանցիները) կանգնած են միասին (Դամասկոսի հետ), իսկ այս դեպքում ամբողջ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դա արել է Սիրիան»,- ասել է նա:

«Ինչո՞ւ են նրանք դա արել, ո՞վ գիտե: Դա Սիրիայում չպետք է լիներ»,- նշել է նա՝ չճշտելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի:

Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի համար եկել է ժամանակը մտածելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա պաշտպանության նպատակահարմարության  շուրջը: Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքից ապրիլի 5-ին մեջբերում է արել արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ապրիլի 4-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը» (The Syrian Observatory for Human Rights), հայտնել է, որ Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում իրականացված հարվածի հետեւանքով զոհվել Է 58 մարդ, այդ թվում՝ 11 երեխա: Կենտրոնը նշել է, որ հարվածը կարող էին հասցնել Սիրիայի կառավարական ուժերը, որոնք «թունավոր գազ» են կիրառել:

Ռուս եւ սիրիացի զինվորականները ժխտել են իրենց մասնակցությունը կատարվածին: Ավելի ուշ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ապրիլի 4-ի ցերեկը Խան Շեյխունի արեւելյան ծայրամասերին հարվածը հասցրել է սիրիական օդուժը: Ռուսաստանի տվյալներով՝ դրա հետեւանքով ոչնչացվել են այն արտադրամասերը, որտեղ զինյալներն արտադրում էին թունավոր նյութերով զինամթերք, որը մատակարարվում էր Իրաքին, ինչպես նաեւ կիրառվում էր Հալեպում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս