«Եփրատի վահանի» փոխարեն Թուրքիան կնախաձեռնի «Եփրատի սուր» գործողությունը
«Եփրատի վահան» ռազմագործողության ավարտից հետո Թուրքիան նախատեսում է սկսել մեկ այլ գործողություն, որը անվանումը կլինի «Եփրատի սուր»: Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի` երկրի սահմաններից դուրս իրականացվելիք այս նոր գործողության թիրախում են լինելու Իրաքի Սինջար և Սիրիայի Հասաքե ու Աֆրին շրջանները:
Աղբյուրի հաղորդմամբ` օրերս հրավիրված անվտանգության խորհրդի նիստում քննարկված զեկույցների մեջ նշված է եղել, որ այս պահին «Թուրքիայի համար առաջնային վտանգ են ներկայացնում Իրաքի հյուսիսային Սինջար և Սիրիայի Հասաքե ու Աֆրին շջրանները»:
Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) վերջին շրջանում Իրաքի Քանդիլ շրջանում տեղակայված ռազմաճամբարների մեծ մասը տեղափոխել է Սինջար, իսկ Հասաքեում հիմնել է շուրջ 30 ճամբար:
Թուրքիան անհանգստացած է նաև Սիրիայի հյուսիս-արևմուտյան Աֆրինում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD-ԺՄԿ) զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) ազդեցության ուժեղացումից: Նոր գործողության շրջանակներում Անկարան նախատեսում է «մաքրել» Աֆրինը քրդական ուժերից (YPG), որոնց համարում է PKK-ի ճյուղավորում ու անվանում ահաբեկչական կառուց:
Աֆրին մտնելու համար արդեն պատրաստության են բերվել «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիա մտած թուրքական ստորաբաժանումները և գործողությանը մասնակցող «Սիրիայի ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զինված խմբավորման ջոկատները:
Նշվում է, որ ևս մեկ գործողություն էլ սկսվելու երկրի ներսում, որի նպատակն է լինելու կանխել «Եփրատի սուր» գործողություն ընթացքում Սիրիայից ու Իրաքից քուրդ զինյալների դեպի Թուրքիա հնարավոր ներթափանցումները: Այս գործողությունը կընդգրկի այդ 2 երկրների հետ սահմանային Մարդին, Շըրնաք և Հաքքարի նահանգների 12 շրջան: