Սևան թափվող գետերը հեռու են իրենց վտանգավոր ելքերից
Թեեւ Գեղարքունիքի մարզում գարունն աստիճանաբար մտնում է իր իրավունքների մեջ,Սեւանա լիճ թափվող գետերը դեռեւս հեռու են իրենց վտանգավոր ելքերից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, ապրիլի 4-ին Գավառագետի ելքը կազմել է 4,88 խորանարդ մետր վայրկյան` 30,5 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց, Արգիճի գետի ելքը կազմել է 3,84 խորանարդ մետր վայրկյան` 110 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց, Մասրիկ գետի ելքը կազմել է 4,36 խորանարդ մետր վայրկյան` 14,2 խորանարդ մետր վայրկյան վտանգավոր ելքի դիմաց: Սեւան թափվող մյուս գետերի ելքերը եւս նվազ են իրենց վտանգավոր ելքերի համեմատ:
Մարզում գիշերային ժամերի բացասական ջերմաստիճանը եւ ցերեկային ժամերի ոչ բարձր ջերմային ռեժիմը չեն նպաստում ոչ միայն վարարումներին, այլ նաեւ Սեւանա լիճը սառցե կապանքներից ազատվելուն: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, ապրիլի 5-ի դրությամբ Սեւանա լիճը գրեթե ամբողջությամբ մնում է սառցակալած` բացառությամբ Փոքր Սեւանի որոշակի հատվածների:
2017 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, որը 20 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Խոսրով Խլղաթյան