Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով ոստիկանության նախկին աշխատակից Գևորգ Պապյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցը դիտավորությամբ կազմել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ և այն դրել շրջանառության մեջ:
Այսպես, նախաքննության արդյունքում պարզվել է, որ Գ. Պապյանը 2014թ.-ի ընթացքում մասնակցել է ոստիկանության կրթահամալիրում անցկացված վերապատրաստման դասընթացին, սակայն մինչ այդ Տավուշի մարզային վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Լուիզա Մատինյանն ի պաշտոնե պարտավոր է եղել օրենքով սահմանված կարգով` վերապատրաստման նպատակով պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր կնքել Գ. Պապյանի հետ, ինչը չի կատարել: Հետագայում, իր ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելով, կազմել է հիշյալ պայմանագիրը և, նրանում կեղծելով Գ. Պապյանի ստորագրությունը, այն վերջինիս անձնական գործին կցելու եղանակով դրել շրջանառության մեջ:
Գ. Պապյանը կեղծիքը նկատել է, երբ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը քաղաքացիական հայց է ներկայացրել նույն մարզի ընդհանուր իրավասության դատարան` վերապատրաստման ընթացքում կատարված ծախսերն իրենից բռնագանձելու պահանջով: Գ. Պապյանը հայտնել է, որ ինքը նման պայմանագիր չի ստորագրել, իսկ դատարան ներկայացվել է ոչ թե իր, այլ կեղծված ստորագրությամբ փաստաթուղթ: Կատարված կեղծիքի վերաբերյալ վերջինս դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հաղորդում տվել Հատուկ քննչական ծառայությունում, որի հիման վրա էլ հարուցվել է հիշյալ քրեական գործը:
Այսպիսով, Լուիզա Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: