«ԲՀԿ-ն 2012թ. հայտարարեց, որ իրենք այլընտրանք են, այսինքն՝ այդ մարդիկ վախեցել են անգամ ասել, որ ընդդիմություն են». քաղտեխնոլոգ

«Ինձ համար անընդունելի է, որ բիզնեսմենն ու բարերարը շահարկելով իրենց գործարար լինելու և բարեգործություններ անելու փաստը՝ գալիս են պառլամենտ»։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ ընդգծելով, որ ժամանակի ընթացքում պետք է կարողանանք ազատվել նման երևույթից։

Քաղտեխնոլոգը նշեց, որ անցած տարվա ամռանն ԱՄՆ-ում էր, ու այն, ինչ կատարվում էր նախընտրական Ամերիկայի մեդիադաշտում, ըստ նրա՝ աննկարագրելի էր. «Մեր մեդիադաշտն իդեալական է անցկացրել նախընտրական քարոզարշավը. այդքան հավասար, որևէ մեկին չվիրավորելով, առանց սև PR-ի։ Այն սև PR-ը, որ անում էին Թրամփի նկատմամբ, աննկարագրելի էր, դա ուղղակի տեսնել էր պետք։ Այդ առումով պետք է գան՝ մեզնից սովորեն»։

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա, ըստ նրա՝ դրանք ամեն տեղ են, ուղղակի մեզ մոտ «կացնային» ձևով է արվում. «Ամեն տեղ արվում է ցիվիլ, իսկ մեզ մոտ՝ «դավայծե, պադեզդի մեջ բաժանենք 10 հազարները»։ Ռեսուրսներն ամեն տեղ նույն ձևով են աշխատում, բայց ոչ այդքան այլասերված ձևով, ինչպես այստեղ է արվում։ Բայց ամեն դեպքում այդ ամենին ժամանակ է պետք»։

Խոսելով խորհրդարան մտած ուժերի մասին՝ նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական չէ.

«ԲՀԿ-ն 2012թ. հայտարարեց, որ իրենք այլընտրանք են, այսինքն՝ այդ մարդիկ վախեցել են անգամ ասել, որ ընդդիմություն են։ Հիմա էլ այլընտրանք չկա, ըստ Սահմանադրության՝ կամ իշխանություն ես, կամ ընդդիմություն ես։ Հիմա իրենք ստիպված են լինելու հայտարարել, որ իրենք եթե իշխանություն չեն, ուրեմն՝ ընդդիմություն են։ Իսկ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա չեմ կանխատեսում։ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու ելույթից հետո ՀԱԿ-ը կորցրեց ընտրազանգված. ես դա հասկացա տարբեր հարթակներում հասարակության բավականին լայն զանգվածների ռեակցիաներից։ Բայց միևնույն ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը չի դավաճանել իր սկզբունքներին՝ սկսած 1998 թվականից։ Ես, համաձայն չլինելով խաղաղության իր առաջարկած տարբերակի հետ, չեմ կարող չհարգել նման սկզբունքները։ Չեմ կարող չընդունել, որ ՀԱԿ-ը քաղաքական միավոր է՝ ի տարբերություն շատ-շատերի»։

Տեսանյութեր

Լրահոս