
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում

Մի քանի հարյուր բնակելի տուն և շուրջ 6000 ամառանոց գտնվում է Ռուսաստանի Կուրգանի մարզի հեղեղումների գոտում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Մայիսի 8-ի դրությամբ ինը բնակավայրերի վեց մունիցիպալ կազմավորումներում հեղեղված է մնում 400 բնակելի տուն և 5975 ամառանոց, վեց ցածրանիստ կամուրջ և ավտոճանապարհների տասը հատված», – հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը։
Ապրիլի 8-ից տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել հեղեղումների պատճառով։
Ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների, Կուրգանի մարզում հեղեղումների հետևանքով ջրածածկ են եղել ավելի քան 2300 սեփական տուն, այգեգործական և ամառանոցային ոչ առևտրային ընկերությունների գրեթե 7000 տուն, ինչպես նաև 43 բիզնեսի օբյեկտ:
Հեղեղումներից վնասը կարող է կազմել 4 միլիարդից մինչև 9 միլիարդ ռուբլի: