«Հայ ժողովուրդը վերահաստատեց Հայաստանի եվրասիական զարգացման վեկտորը». Մարտինով

«Հայ ընտրողը պատմական իմաստություն դրսևորեց»,- այս մասին այսօր Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ռուսաստանյան տաղավարից ասաց Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Մարտինովն ասաց, որ երեկ անցկացված ընտրությունների արդյունքներն անսպասելի չէին, քանի որ մոտավորապես հենց նմանատիպ արդյունք էլ կանխատեսվում էր ընտրություններին ընդառաջ։ Նա ամրագրեց, որ սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնք ֆիքսեցին անցած սահմանադրական բարեփոխումները, որոնց արդյունքում խորհրդարանական ընտրությունները դառնում են գլխավոր ընտրությունները Հայաստանում, և ստացվում է այսպիսի արդյունք՝ մի կողմից՝ միանշանակ աջակցություն իշխող կուսակցությանը՝ ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը, և լուրջ աջակցություն «Ծառուկյան» բլոկին, որը մի քանի տարի առաջ դարձավ ընդդիմություն։

«Բայց կարևոր է նշել, որ Ծառուկյանը հայտնի է ոչ միայն հայրենիքում, այլև լուրջ բիզնեսմեն և քաղաքական գործիչ է նաև Ռուսաստանում, ուստի կարելի է խոսել այն մասին, որ Հայաստանի զարգացման վեկտորը, եվրասիական զարգացման վեկտորը, ՀԱՊԿ-ի միջոցով անվտանգության ընդհանուր համակարգի վեկտորը հաստատվեց հայաստանյան ընտրողների մեծամասնության կողմից, հայ ժողովրդի կողմից, ուստի այս վեկտորը կշարունակվի։ Իմ կարծիքով՝ սա անցած ընտրությունների գլխավոր հետևանքն էր։ Կարևոր է նշել արևմտյան ուժերի տապալման մասին։ Շատ աղմուկ է եղել այս թեմայի վերաբերյալ, շատ ռեսուրսներ և տեխնոլոգիական ջանքեր են ծախսվել։ Բայց հայ ժողովուրդը, ընտրողը դրսևորեց պատմական իմաստություն, զարգացման այն վեկտորն ընտրեց, որը վերջին տարիներին ակտիվորեն առաջ է մղվել իշխող կուսակցության կողմից»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսեյ Մարտինովը։

Նա հիշեց նաև մի քանի ամիս առաջ նշանակված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին, ով, ըստ նրա, իսկապես կարողացավ կարճ ժամանակում լուրջ ներդրում ունենալ իշխանական կուսակցությանն աջակցելու հարցում։ «Նախկինում իշխող կուսակցությունը ետ էր մնում մի շարք արևմտամետ ուժերից տեխնոլոգիական առումով, այս ընտրություններում, կարելի է ասել, որ տեխնոլոգիական մակարդակը, որը ցուցադրեց իշխող կուսակցությունը, այդ թվում՝ վարչապետի միջոցով, ողջ արշավի ընթացքում, բարձր էր և իր օպոնենտներից ոչ ցածր։ Շատ քիչ խախտումներ, մեծաթիվ միջազգային դիտորդներ, ոչ մի լուրջ սկանդալ, ամեն ինչ մաքսիմալ բաց ու թափանցիկ էր, շնորհավորում եմ»,- ասաց Մարտինովը։

 

Տեսանյութեր

Լրահոս