Պուտինը հայտնել է Պետերբուրգի մետրոյում պայթյունի վարկածները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստացել է Պետերբուրգի մետրոյում պայթյունի վերաբերյալ հատուկ ծառայությունների զեկույցները: Նրա խոսքով՝ պայթյունի պատճառները դեռեւս հայտնի չեն, դիտարկվում են բոլոր վարկածները, ներառյալ կենցաղայինն ու ահաբեկչական գործողությունը։
Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը տեղեկացված է Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունի մասին:
Պայթյունը որոտացել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սեննայա պլոշչադ» կայարանի գնացքի վագոնում: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ: Պայթյունի վայրում աշխատում են 80-ից ավելի փրկարարներ: «Պայթյունի հետեւանքները վերացնում է 80 մարդ՝ 16 միավոր տեխնիկայի օգտագործմամբ», ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հյուսիսարեւմտյան տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունում: Այստեղ նշել են, որ փրկարարների թիվը կարող է հասցվել 120-ի:
Պայթյունից հետո փակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի յոթ կայարաններ, ինչի մասին ասված է մետրոպոլիտենի հաղորդագրության մեջ: «Փակվել են «Պարկ Պոբեդի», «Էլեկտրոսիլա», «Մոսկովսկիե վորոտա», «Ֆրունզենսկայա», «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ», «Սեննայա պլոշչադ», «Գոստինիյ դվոր» կայարանների մուտքերը եւ ելքերը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Պետերբուրգի մետրոյի կայարանից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, կատարվում է տարհանում, այդ թվում՝ թունելից: