Բաժիններ՝

«Խաղաղություն ենք ուզում, ուրեմն պետք է պատրաստ լինենք պատերազմի». Մանվել Գրիգորյան

Ապրիլյան պատերազմ բնորոշումը ստացած ադրբեջանական սադրանքի մեկամյա տարելիցն է այսօր։ Նախորդ տարի ապրիլի 1-2-ի գիշերը թուրք ազերին, մոռացած 1989-94 թվականների պատերազմում ստացած դասերը, մոռացած, թե ինչպես էր ծնկաչոք հրադադար մուրում, լայնամասշտաբ հանկարծակի հարձակում ձեռնարկեց Արցախի հայկական Հանրապետության ամբողջ սահմանի երկայնքով։

Ի պատասխան հայ ազգը դարձյալ մեկ բռունցք դարձավ։ Հայոց բանակն ապացուցեց, որ մարտունակ է, որ հզոր է, ունակ կատարելու ցանկացած մարտական առաջադրանք։ 18-20 տարեկան զորակոչիկները կարողացան մեկը հարյուրի դեմ մարտնչել ժամանակակից հզորագույն տեխնկայով մինչեւ ատամները զինված ադրբեջանական զորամիավորումների եւ վարձկանների բանակների դեմ։ Նահատակվեցին, բայց իրենց վստահված տարածքները չհանձնեցին։

Բնական է, որ աղետի հենց առաջին պահից մարտական հենակետերում հայտնվեց Երկրապահը։ Երկրապահը բանակի ծնողն է եւ այսօր էլ բանակի կողքին է, բանակի հետ է։ Մենք շարունակաբար առաջնագծում ենք՝ դիրքապահ զինվորի կողքին, սահմանաբնակ ժողովրդի կողքին։

Միասնական հայությունը դարձյալ հարկադրեց, որ Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը շտապի Մոսկվա եւ կրակի դադարեցման պայմանավորվածություն մուրա։ Ցավոք, սակայն, ապրիլյան պատերազմում հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ տվեց։ Նահատկվեցին արծիվ տղաներ, այդ թվում նաեւ՝ երկրապահ կամավորականներ, ովքեր 1989-94-ի պատերազմին էլ մասնակցել էին։

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը խոնարհվում է հերոս նահատակների հիշատակի առաջ։ Եվս անգամ ներողություն ենք խնդրում այդ քաջերի հարազատներից, որ չենք կարողանում բացառել ցավալի դեպքերը։ Նաեւ հավաստիացնում ենք, որ նահատակ մեր զավակներն այսօր էլ երկնքից հսկում են մեր անդորրը, որ նրանք անմահացել են։ Պատանի, երիտասարդ երկրապահներին մենք հենց այդ քաջերի օրինակով ենք դաստիարակում։

Խնկարկելով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը՝ միասնության ենք կոչում մեր ազգին։ Թուրքը նենգադավ է։ Այսօր եւս ազերին սահմանին վնասներ է պատճառում մեզ, այսօր էլ զոհեր ենք ունենում։ Պետք է միասնական հայությամբ հարկադրենք Ադրբեջանին վերջնականապես լռել։ Իսկ դրա համար միասնական ու հզոր պետք է լինենք։ Խաղաղություն ենք ուզում, ուրեմն պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Եվ պատրաստ ենք։ Պատրաստ ենք պաշտպանել ու պահպանել Հայաստանի Հանրապետությունը, հայկական Արցախ պետությունը։

Պատրաստ ենք պաշտպանել ու պահպանել Արցախի անկախությունն ու Արցախի եւ խաղաղության միակ իրական երաշխիք ազատագրված տարածքները։ Մենք խաղաղության կողմնակից ենք, հասկանում ենք խաղաղության արժեքը, բայց նաեւ հասկանում ենք, որ ինքներս պետք է մեր խաղաղ կյանքը երաշխավորենք, մեր անվտանգությունը երաշխավորենք։

Օտարները դժվար թե կարողանան այդ խնդիրը լուծել։ Մենք լիովին վստահում ենք Արցախի ժողովրդին եւ իշխանությանը, նախագահին եւ բանակին, լիովին վստահում ենք հայ ազգին, հայոց բանակին՝ շարքայինից մինչեւ նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ Մենք վստահում ենք ինքներս մեզ ու երիտասարդ, պատանի սերունդներին։

Եվս մեկ անգամ՝ փա՛ռք ապրիլյան պատերազմի զոհերին։

Փա՛ռք 1989-94-ի պատերազմի զոհերին։

Փա՛ռք ազերիների դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս զոհված քաջերին։

Փա՛ռք հայ ազգին, հայկական զույգ պետություններին։

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս