Երկու-երեք տարի հետո հնարավոր է առանց վիզայի մեկնենք Եվրոպա. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Օրերս ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հարցազրույց է տվել Gazeta-ին, որում կարծիք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը դժվար թե 10-20 տարի գոյություն ունենա՝ մանավանդ, եթե միության անդամ երկրների ղեկավարները փոխեն իրենց աշխարհայացքը։

«Առավոտը» «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանից հետաքրքրքվեց՝ արդյոք իրատեսակա՞ն է այս կանխատեսումը, և ի՞նչ են հուշում իր կատարած ուսումնասիրությունները։ Մեր այն հիշեցմանը, թե ԵՏՄ մուտք գործելուն ընդդիմացողներն այժմ պնդում են, որ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ծավալները ՀՀ-ի՝ ԵՏՄ մուտք գործելուց հետո կրճատվել են, պարոն Մինասյանն արձագանքեց. «Ես տնտեսագետ չեմ, բայց ունեմ տվյալներ, որ 2017-ի սկզբին մենք ունենք բավականին դրական տնտեսական դինամիկա»։

Պարոն Մինասյանն ասաց, որ ինքը գիտնական է, այլ ոչ թե քաղաքագետ կամ աշխարհաքաղաքական վերլուծաբան, մյուս կողմից էլ՝ իրեն թույլ չի տա նման երկարաժամկետ կանխատեսումներ անել, այլ կարող է 2-3 տարվա կանխատեսումներ անել։ Ըստ այդ վերլուծությունների՝ Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման ընթացքը կախված է նավթի և գազի գներից, որոնք ազդում են Եվրասիական տնտեսական միության առնվազն երեք կարևոր տնտեսությունների վրա՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս. «Եթե նավթային դինամիկան դրական լինի, դա դրական անդրադարձ կունենա ՀՀ տնտեսության վրա, և հակառակը՝ ինչպես դա տեղի ունեցավ 2015-2016-ին»։

Հարցին՝ իսկ ինչ երաշխիքներ, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ի համար այդ կարևոր տնտեսական հարցերը կլուծվեն, պարոն Մինասյանը պատասխանեց, թե քաղաքականության մեջ ոչ ոք ոչ մի բանի համար երաշխիքներ տալ չի կարող. «Մենք ժամանակին ԵՏՄ մտել էինք ոչ այնքան տնտեսական, այլ քաղաքական պատճառներով։ Իսկ տնտեսական առումով դեռ չեմ բացում փակագծեր, բայց փաստն այն է, որ մենք գտնվում ենք մեջտեղում. Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք ունենք արտոնյալ պայմաններում էներգակիրների ներմուծման հնարավորություն Ռուսաստանի կողմից, իսկ ԵՄ-ի հետ աշնանը պատրաստվող պայմանագիրը որակապես չի տարբերվում նրանից, ինչ ունեն Ուկրաինան և Վրաստանը։ Մոտակա երկու-երեք տարիների մեջ հնարավոր է՝ մենք էլ ունենանք ազատ վիզային ռեժիմ Եվրամիության երկրների հետ»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս