«Խաղի արդյունքը մասամբ որոշված է մինչև դրա սկիզբը»

Հարցազրույց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու,  բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, Հայաստանում նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է քաղաքական ուժերի ընտրած ռազմավարությունը, ո՞ր ուժն է ավելի արդյունավետ քարոզարշավ վարում, ինչպիսի՞ն են նրանց հնարավորությունները:

– Գաղափարախոսության գլոբալ ավարտի դարաշրջանն իր ավարտին է մոտենում նաև Հայաստանում: Ընտրողների քվեն ստանալու համար նախընտրական պայքարն ընթանում է ոչ թե գաղափարախոսությունների և առաջադրված ծրագրերի հիման վրա, այլ անձերի կողմից կառավարվող կուսակցությունների շուրջ: Քաղաքացին կանգնած է ընտրության առջև, որի հիմքում անձնական վստահությունն է կուսակցությունների և դաշինքների առաջին դեմքերի հանդեպ:

Որոշակիորեն կարելի է ասել, որ նման ընտրության արդյունքը հիասթափությունն է լինելու, քանի որ փոփոխությունների ակնկալիքները, որոնք ձևակերպված չեն կոնկրետ ծրագրային խոստումներով, չեն կարող իրականացվել նույնիսկ մասնակիորեն, այն պարզ պատճառով, որ կա՛մ դրանք չկան, կա՛մ չափազանց վերացական և քաղաքական հռետորաբանությամբ համեմված դատարկախոսություն են: Ավելին, ընտրողը հետո չի կարողանա ասել, որ կուսակցությունը կամ թեկնածուն չեն արդարացրել իր սպասելիքները: Այն կուսակցությունները, որոնք հանդես են գալիս ծրագրային խոստումներով, դժվար թե կարողանան դրանք իրականացնել փոքրամասնության դիրքերից, եթե նույնիսկ հայտնվեն խորհրդարանում:

Հենց այդ պատճառով առաջին պլան են դուրս գալիս ընտրապայքարի տեխնոլոգիական կողմերը, և դա ոչ միայն Հայաստանում է, դա նաև գլոբալ երևույթ է, երբ հաղթողն ի հայտ է գալիս ոչ թե ծրագրերի մրցակցային պայքարում, այլ` մրցակիցների հանդեպ անվստահություն սերմանելով: Այս իրավիճակում առաջնահերթ են դառնում քաղաքական դաշտում խաղացողների ռեսուրսային հնարավորությունները: Այդ իսկ պատճառով ինձ բացարձակ չի զարմացնում, որ վերջին հարցումներով ընտրապայքարի առաջատարների թվում են ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը:

Մնացած քաղաքական ուժերը պայքարելու են կուսակցությունների և դաշինքների համար սահմանված շեմը հաղթահարելու համար: Ապրիլի 3-ին այս երկու ուժերը վերահսկելու են մանդատների զգալի մասը, իսկ հետո կսկսվի մեծամասնությունը հաստատելու համար կոալիցիոն շինարարությունը: Այս ընտրություններում, եթե նույնիսկ ինտրիգ էլ կա, ապա դա այն է, թե հատկապես որքան մանդատ կստանան այդ կուսակցությունները, և կոալիցիա կազմելիս որքան իրենց անհրաժեշտ կլինի` մեծամասնություն ապահովելու համար:

– Համամի՞տ եք տեսակետին, որ մինչ այլ ուժեր փորձում են պայքարը ծավալել հանուն ապրիլի 2-ի, ՕՐՕ դաշինքը, կարծես, պատրաստվում է հետընտրական զարգացումներին: Եվ ինչի՞ մասին է խոսում ՕՐՕ-ի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալությունն ու մեղադրանքն «Իգլա» ներմուծելու փաստով (որոշ պնդումների համաձայն` Բաբայանն ՕՐՕ-ի գաղտնի իրական առաջնորդն է):

– Իհարկե, չի կարելի բացառել հետընտրական բողոքի ալիքի սցենարները: Դրա ուժն ու հնարավորությունները կկանխորոշվեն ընտրական գործընթացի և դրա արդյունքների արդարացիության հասարակական ընկալման գործոնով: Այն ցուցանիշներով, որոնք ցույց է տալիս ՕՐՕ-ն, այսօր նրանց դժվար թե հաջողվի մոբիլիզացնել բողոքի ալիքը: Բայց առանց աղմուկի էլ դժվար ավարտվի: Ես ոչինչ չեմ կարող ասել Սամվել Բաբայանի գործի վերաբերյալ, բացի նրանից, որ հետաքննություն է ընթանում, և մինչև դրա ավարտը մեկնաբանություններ տալն իմ սկզբունքների մեջ չի մտնում:

Անկասկած, ընտրարշավի ամենաթեժ պահին նրա ձերբակալությունը կարող է տարատեսակ շահարկումների լայն դաշտ բացել, սակայն իրավապահ մարմինների այդ որոշումն ընտրությունների ընթացքի վրա կարող է ազդել ինչպես՝ դեպի մեկ, այնպես էլ` մյուս ուղղությամբ: Այլ խոսքերով ասած՝ ՕՐՕ դաշինքն այս հարցի արդյունքում կարող է ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներն ինչպես կորցնել, այնպես էլ` ձեռք բերել:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքն իր քարոզարշավի հիմք է դարձրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները, իսկ դաշինքի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս քարոզարշավի ընթացքում իր հրապարակային ելույթները նվիրում է ԵԱՀԿ ՄԽ առաջարկների, փոխզիջումների, տարածքների վերադարձման էության պարզաբանմանը: Դա որքանո՞վ ազդեցություն կունենա ապագա ԱԺ-ում դաշինքի ներկայացվածության վրա։

– Ընտրություններից առաջ քաղաքական ուժերի դասավորություններում Լևոն Տեր-Պետրոսյանը գտել է ազատ տարածք, որն էլ որոշել է զբաղեցնել: Հաշվարկը հավանաբար արվել է այն հեռանկարով, որ հայ հասարակության որոշակի հատվածի մոտ հակամարտության կորուստներից հոգնածություն է կուտակվել: Բացառված չէ, որ նման դիրքորոշմամբ քաղաքական ուժի առկայությունը որոշակի սցենարներում օգտակար լինի նաև իշխանության կուսակցության համար: Ավելին՝ նման «կառուցողական» մոտեցումը պահանջարկ ունի նաև արտաքին որոշակի շրջանակներում: Որքանո՞վ է այդ հաշվարկը ճիշտ՝ ցույց կտան ընտրությունների արդյունքները: Ես ինքս այդ դիրքորոշման կողմնակիցը չեմ և գտնում եմ, որ պատերազմի թեմայի շահարկումը, բացի վնասից, Հայաստանին ոչինչ չի տա: Այս մասին իմ կարծիքն ավելի ընդարձակ ես նախկինում արտահայտել էի ձեր թերթում:

Բայց կրկնում եմ՝ բանակցային գործընթացի այս փուլում հնարավոր համաձայնության գոտին չի դիտարկվում, այդ իսկ պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնած որևէ փոխանակման կամ «փոխզիջման» մասին խոսք անգամ լինել չի կարող: Ադրբեջանից տասնյակ տարիներ կպահանջվեն, որպեսզի սուլթանական վարչակարգի հասարակական կարծիքը ձևափոխի՝ հօգուտ բանակցային լեզվով որոշումների փնտրտուքի` հաշվի առնելով կողմերի շահերը, իսկ դիրքորոշման պատճառով դեմքի կորուստն Ալիևների ու Փաշաևների կլաններին այժմ ընդհանրապես պետք չէ:

Ներկայումս աշխարհի լավագույն պրակտիկներից մեկը` Քրիս Վոսը, ով երկար տարիներ ղեկավարում էր ՀԴԲ-ի` ճգնաժամային բանակցությունների մասնագիտացված բաժինը, մի անգամ դիպուկ նկարագրեց «փոխզիջում» արտահայտությունը՝ կինը ցանկանում է, որ ամուսինը կապույտ բաճկոնի հետ սև կոշիկներ կրի, իսկ ամուսինը պնդում է իր սիրած շագանակագույն կոշիկները, և փոխզիջման արդյունքում ամուսնու հագին մի կոշիկը սև է լինում, մյուսը` շագանակագույն:

Ավելի աբսուրդ է Լևոն Տեր-Պետրոսյանի այն վստահությունը, որ «տարածքներ` խաղաղության և Արցախի կարգավիճակի դիմաց» հնարավոր որոշումը կարող է արտաքին խաղացողների կողմից երաշխավորվել: Միջազգային հարաբերությունների ներկայիս հեղհեղուկ համակարգի պայմաններում նման թուղթը կարող է ավելի քիչ բան «երաշխավորել», քան այն, ինչ Ուկրաինային «երաշխավորում» էր 1994թ. Բուդապեշտյան հուշագիրը:

– Սոցհարցումները վկայում էին «Ծառուկյան» դաշինքի ավելի բարձր վարկանիշի մասին, այժմ առաջատարը ՀՀԿ-ն է, որի համար էական է լինելու ռեյտինգային քվեարկությունը: Ըստ Ձեզ՝ ռեյտինգային ընտրակարգը չի՞ նվազեցնում ընտրությունների քաղաքական բովանդակությունը:

– Քվեարկության ռեյտինգային համակարգը հենց միտված է ստորադասել քաղաքական ուժերի գաղափարախոսական և ծրագրային թշվառությունը` նրանց անհատների փայլ հաղորդելով: Ընտրողների 75%-ը քվեարկելու է այն թեկնածուների օգտին, որոնց վստահում է, հակառակ դեպքում որոշ քաղաքական ուժեր կարող էին ծանր վիճակում հայտնվել, քանի որ ընտրողների 85%-ը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից: Քանի որ դժգոհության առյուծի բաժինը պայմանավորված է գործազրկության բարձր մակարդակով, իշխող կուսակցության ընտրարշավը գլխավորող և հեղինակություն ու վստահություն վայելող ներկայիս վարչապետի առկայությունն ընտրողների մի մասին հույս է ներշնչում, որ այդ թիմի մյուս անդամներն էլ են ի վիճակի լուծել երկրի համար կարևորագույն այս պրոբլեմը: Իշխող քաղաքական ուժի հանդեպ վստահության ճգնաժամի կարճաժամկետ խնդիրը լուծելու այս տակտիկական որոշումը երկարաժամկետ կտրվածքով չի նպաստելու Հայաստանում բալանսավորված կուսակցական համակարգի կայացմանը:

Այն, որ սոցհարցումների արդյունքներով «Ծառուկյան» դաշինքը որոշ առավելությամբ գերազանցում էր իշխող կուսակցությանը, հետո տեղի ունեցավ փոխատեղություն, դա ոչ մի բանի մասին չի խոսում, քանի որ ընտրություններից 5 օր առաջ քվեարկողների 40%-ն առայժմ չի կողմնորոշվել: Դա բավականին շատ է, և շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես են կողմնորոշվելու այդ ընտրողները: Վերջին սոցհարցումների արդյունքներով (ԹՃԼԿԾ), այդ ընտրողների շրջանում, որոնք արդեն կողմնորոշվել են առաջադրված թեկնածուների հարցում և գնալու են քվեարկության, ՀՀԿ-ն ստանալու է՝ 44%, իսկ «Ծառուկյան» դաշինքը` 36% ձայն:

– Օրերս Մոսկվայում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դրանից հետո ՀՀ հանրության համար անակնկալ նախաստորագրվեց ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը։ Նախընտրական շրջանում այս 2 իրադարձություններն ի՞նչ կապ ունեն ներքաղաքական զարգացումների հետ:

– Արտաքին հարաբերություններում «և-և», այլ ոչ թե` «կամ-կամ» (ինչպես սրա վրա 2013-ին պնդում էին ԵՄ-ի ներկայացուցիչները) բանաձևի հաջող իրագործումն ինչ-որ չափով ուժեղացնում է իշխող կուսակցության դիրքերը, քանի որ նրա առաջնորդն այս հարցում հետևողական է եղել, մանավանդ որ, Սցիլայի և Քարիբդայի միջև խուսանավումը դիվանագիտական մարտահրավերների տեսանկյունից ամենահեշտ գործը չէ` հաշվի առնելով 2014թ.-ից ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կտրուկ բարդացումը: Որոշ վերլուծաբանների մոտ նման երկատվածությունը խառը զգացողություններ է առաջացնում, սակայն մենք պետք է պրագմատիկ կերպով հետևենք մեր ազգային շահերին` առանց որոշակի փարոսներին կամ արտաքին կողմնորոշիչներին դիվանագիտական խարսխման:

– Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ առաջիկա խորհրդարանում տեղերը բաշխելու է Սերժ Սարգսյանը։ Ձեր կարծիքով` սա աղերս ունի՞ իրականության հետ:

– Ես կհրաժարվեի հարցազրույցից, եթե նման ցինիկ դիրքորոշում ունենայի: Ավելին, վստահ եմ, որ արդյունքներ կեղծելը գնալով բարդանում է: Ընտրական համակարգում կառուցվածքային փոփոխությունները (ռեյտինգային քվեարկությունը) իշխանության կուսակցությանը զգալի առավելություն են տալիս` հաշվի առնելով նրա վարչական ռեսուրսներն ու քվեարկողների ոչ հետևողական լինելը: Խաղի արդյունքը մասամբ որոշված է մինչև դրա սկիզբը, սակայն զուրկ չէ ինտրիգից` այն քաղաքական ուժերի և դաշինքների վերջնական դասավորվածության մասով, որոնք պայքարում են մնացած 15-20% ձայների համար:

Տեսանյութեր

Լրահոս