Բաժիններ՝

MWC 2017. Ներկայացվել է լեգենդար Nokia 3310-ը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին Բարսելոնայում տեղի է ունենում MWC 2017 համաշխարհային կոնգրեսը: Սա տարվա ամենասպասված և կարևոր միջոցառումներից է ՏՏ ոլորտում: Համաշխարհային կոնգրեսի ընթացքում սմարթֆոն արտադրող ընկերությունները ներկայացնում են իրենց աշխատանքը վերջին տարվա ընթացքում, ինչպես նաև՝ ապագա պլանները:

Միջոցառման ամենասպասված ներկայացումներից մեկը HMD Global-ինն էր, որի ընթացքում ցուցադրվեցին Nokia-ի նոր սմարթֆոնները, ինչպես նաև պաշտոնապես հաստատվեց լեգենդար Nokia 3310 հեռախոսի վերադարձը:

Nokia-ն վերադառնում է սմարթֆոնների արտադրության շուկա: Ու, չնայած ընկերության հիմքում հիմա ոչ այնքան հայտնի HMD ընկերությունն է, շատերի համար սա հին Nokia-ն է: Այդ իսկ պատճառով շատերին հետաքրքրում է ընկերության թողարկած Nokia 3, 5 և 6 հեռախոսների շարքը: Բայց, այնուամենայնիվ, ամենասպասված անակնկալը լեգենդար Nokia 3310-ի վերադարձն է:

Nokia 3310-ն առանձնանում էր իր շատ ամուր կառուցվածքով և շատ հզոր մարտկոցով: Ինչը վերաբերում է երկրորդին, ապա նոր հեռախոսը կարող է մրցել մի շարք հայտնի և թանկարժեք սմարթֆոնների հետ: Nokia 3310-ի մարտկոցը սպասման ռեժիմում կարող է ծառայել 25 օր, իսկ զանգեր կատարելու դեպքում՝ 22 ժամ:

Ինչ վերաբերում է նոր հեռախոսի ամրությանը, ապա դա դեռ փորձարկել է պետք: Նոր հեռախոսն առանձնանում է հատկապես վառ գույներով՝ կարմիր, դեղին, վառ մոխրագույն և կանաչ:

Նոր հեռախոսի էկրանը տարբերվում է նախորդից: Նոր Nokia 3310-ն ունի 2,4 դյույմանոց QVGA էկրան՝ 320 ×240 պիքսել ընդլայնմամբ:

Nokia 3310-ն ունի Bluetooth, աշխատում է երկու քարտով, ունի 2 ՄՊ հզորությամբ տեսախցիկ և microSD-ի հնարավորություն:

Հեռախոսն աշխատում է Series 30+ հարթակում, և նրա մեջ հարմարեցված է Opera Mini բրաուզերը:

Հեռախոսը կսկսի վաճառվել 2017 թվականի երկրորդ կեսից և կարժենա 49.99 եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս