«Այս տարի մեր բերքը մեզ չի հերիքի». Հրաչ Բերբերյան
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով ձմռան ընթացքում գյուղացիական տնտեսությունների կրած վնասների մասին՝ նախ հիշեցրեց ձմռան սկզբին կրծողների տված վնասների մասին. «Արդյունքում՝ գարնանը կտեսնենք, թե դրանք ինչ վնասներ են հասցրել գյուղատնտեսությանը: Եթե ծառը չորանա, բերքի անկում կունենանք»:
Բերբերյանի խոսքով՝ տարին վատ չէր սկսվել գյուղատնտեսության համար, եթե չլիներ վերջին ամսվա ցուրտ եղանակը՝ հատկապես Արարատյան դաշտում. «Այսօր լուրջ վտանգ ենք տեսնում՝ դեղձենու և բալենու հետ կապված. միանշանակ տեսնում ենք ծառերի ցրտահարություն: Այդ վտանգը կա նաև խաղողի այն այգիներում, որտեղ այգեթաղ չի կատարվել: Առանց այդ էլ վերջին տարիներին մոտ 500 հեկտարով մեր խաղողի այգիները պակասեցին՝ տարբեր խնդիրների հետ կապված, հիմա էլ գյուղացիների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով ունեցանք ցրտահարություն: Ծիրանի հետ կապված՝ դեռ ուսումնասիրություններ ենք անում. մեր մասնագետները ստուգում են, ու մյուս շաբաթ կասենք՝ եղե՞լ է ցրտահարություն, թե՞ ոչ»:
Ագրարագյուղացիական միավորման նախարարը նշեց, որ Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Արարատյան դաշտում ցրտից տուժել է կարտոֆիլի տնկանյութը. «Արարատյան հարթավայրում՝ 40%-ով, Գեղարքունիքի մարզում՝ 30%-ով, Շիրակի մարզում՝ 40%-ով: Այսինքն՝ այն սերմացուն, որ գյուղացին պահել էր վաղ գարնան ցանքի համար, այսօր ցրտահարված է: Մենք մտավախություն ունենք, որ այս տարի մեր բերքը մեզ չի հերիքի, և ստիպված կլինենք ներկրել, քանի որ կառավարությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսությանը»: