Բաժիններ՝

Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց. 1in.am

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրադրության մասին:

– Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարող եք ասել առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ հաշվի առնելով այս գիշերվա (փետրվարի 25-ի) հարձակման փորձը ադրբեջանական զինուժի կողմից և ընդհանրապես վերջին օրերին լարվածության աճը շփման գծում: Ադրբեջանը գնում է հակամարտության նոր սրացման կամ լայնածավալ պատերազմի, թե՞ այս հարձակումը Ադրբեջանի հերթական քաղաքական ակցիան էր՝ պայմանավորված ներքին ինչ-որ զարգացումներով կամ գործոններով:

– Ես արդեն խոսել եմ այս թեմայով, ըստ էության՝ կրկնվում եմ: Իհարկե, պաշտպանության նախարարությունում ավելի լավ գիտեն այդ հարցերի պատասխանները, բայց կարող եմ կրկնել իմ տեսակետը, որ Ադրբեջանը, իհարկե, շարունակում է փորձերը լուծելու այս խնդիրը ռազմական ճանապարհով: Ալիևը անընդհատ կրկնում է, որ դա իր հողն է: Ես բազմիցս հայտարարել եմ, որ քանի դեռ Հայաստանը միջազգային մակարդակով չի ապացուցել Ղարաբաղի պատկանելիությունը և Ադրբեջանի ագրեսիվ էությունը, այնտեղ մշտապես կլինի ահա այսպիսի իրավիճակ:

Ինչո՞ւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը՝ ընկեր Նալբանդյանը, չի ապացուցում ՄԱԿ-ի Անվտանգության կամ ԵԱՀԿ-ում, ցանկացած կառույցում, որտեղ նա ելույթ է ունենում, որ Ղարաբաղը հայկական հող է: Պետք է բանակցություններ վարել ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը Խորհրդային Միության և ՌԽՍՖՀ-ի իրավահաջորդն է, իսկ 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը խլել է Ղարաբաղը խորհրդային Հայաստանից և փոխանցել է այդ ագրեսիվ թուրքական պետությանը՝ Ադրբեջան անունով, և այդ ժամանակներից այսպիսի պայքար է ընթանում: Մեր հայ ժողովուրդը ընկել է այդ ագրեսիվ պետության, ընդ որում՝ շատ ազգայնամոլ պետության իշխանության տակ, որը չի կարող կառավարել իր ենթակայության տակ գտնվող այլ ժողովուրդներին՝ թալիշներ, դաղստանցիներ, հայեր և այլն: Սա թուրքական, ազգայնամոլ պետություն է, որը շարունակում է Թուրքիայի քաղաքականությունը: Ինչպես Թուրքիան բռնազավթեց Արևմտյան Հայաստանի տարածքը, ամբողջությամբ ոչնչացրեց և արտաքսեց հայերին, ճիշտ նույն կերպով Ադրբեջանն է վարվում իր մոտ: Ուստի այս պատերազմը շարունակվելու է, մինչև իրար կոչնչացնեն:

– Բայց դա գործնականում անհնար է. ո՛չ Ադրբեջանը կարող է ոչնչացնել հայկական կողմին, ո՛չ էլ Հայաստանը կարող է ամբողջությամբ ոչնչացնել Ադրբեջանը: Այդ դեպքում ի՞նչ անել:

– Այո, ոչ ոք էլ չի կարող դա անել, բայց այդ ագրեսիվ պետությունը միշտ իրեն այդպես է պահելու, որովհետև միջազգային կառույցները՝ ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում, պատասխանատվության չեն ենթարկում այդ ագրեսիվ ղեկավարին՝ Ադրբեջանի նախագահ Ալիև անունով: Բացարձակապես որևէ բան չեն անում՝ շատախոսելուց բացի:

Իրականում ագրեսիա է իրականացվում անկախ պետության՝ Արցախի դեմ, որը ինքնորոշվել է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, և այդ պետությունը, որն ավելի քան 20 տարի գոյություն ունի, չեն ճանաչում: Ահա այսպիսին է միջազգային իրադրությունը, ուստի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պետք է օգնություն ցուցաբերի, որովհետև այնտեղ հայ ժողովուրդն է սպանվում, և մեր զինուժը պետք է ջախջախիչ հակահարված տա հակառակորդին, ընդ որում ոչ թե այն ժամանակ, երբ նա կմոտենա մեր դիրքերին, այլ այն պահին, երբ նա անցնում է Կուրով: Պետք է անմիջապես ոչնչացնել հակառակորդին, որովհետև այդ ամբողջը՝ հարթավայրային տեղանքը, որն անցնում է Մարտակերտով, Մարտունիով, Շահումյանով, հակառակորդի կողմից բռնազավթված հայկական տարածք է:

– Ի դեպ, Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում խոսել է այն մասին, թե որ դեպքում հայկական կողմը կարող է կիրառել «Իսկանդեր» հրթիռային համակարգերը:

– Իսկ ինչո՞ւ ոչ, որովհետև «Իսկանդերները» պատկանում են Հայատանի զինված ուժերին: Գիտե՞ք, թե ինչ է գրված ՌԴ պաշտպանության հայեցակարգում. պետությունը առաջին հերթին պետք է ունենա պատժիչ զենքեր (оружие возмездия), և «Իսկանդերը» ևս պատժիչ զենք է և զինված պայքարի միջոցներից մեկը: ՌԴ պաշտպանության հայեցակարգում մի ժամանակ գրված էր՝ եթե հակառակորդը հարձակվի ՌԴ-ի վրա, և ՌԴ-ն այլևս ի վիճակի չի լինի սպառազինության սովորական միջոցներով հետ մղել հարձակումը, ապա Ռուսաստանը իրավունք ունի կիրառել միջուկային զենք: Դուք հասկացա՞ք՝ ինչ եմ ասում: Այդ դեպքում ինչո՞ւ Ղարաբաղը չի կարող կիրառել այդ զենքը: Եթե չկարողանա զինված պայքարի սովորական միջոցներով հետ մղել հարձակվող ագրեսորին, ապա պետք է կիրառի իր ունեցած բոլոր հարվածային միջոցները, և այդ միջոցը «Իսկանդերն» է:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Հայաստանը իսկապես կարող է կիրառե՞լ «Իսկանդերը» էսկալացիայի դեպքում:

– Իսկ ինչո՞ւ ոչ: Իհարկե, կարծում եմ: Ոչ թե պարզապես կարծում եմ, այլ համոզված եմ, որ պարտավո՛ր են դա անել, և ոչ թե Հայաստանը, այլ Ղարաբա՛ղը, որովհետև Հայաստանի վրա չեն հարձակվում: Եթե հարձակվեն Հայաստանի վրա, այդ դեպքում ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ-ը, և Հայաստանը ինքը պիտի հակահարված տա, պետք է կիրառի բոլոր միջոցները, ընդհուպ մինչև միջուկային զենք, եթե ունենա: Եվ ժամանակն է միջուկային զենք կիրառել այդպիսի ագրեսիվ պետության դեմ՝ որպես պատժիչ զենք, զսպման զենք: Իսկ ի՞նչ էիք կարծում: Դրանք թուրքեր են, որոնց նպատակը ոչնչացնելն է: Տեսեք, թե ինչպես է Ալիևը դաստիարակում իր ժողովրդին: Նրանք կտրեցին հայ զինվորների, գերիների, ծերերի ու կանանց գլուխները՝ ինչպես իսլամիստներն են անում, և ասում են իրենց ժողովրդին՝ այ, թե ինչ հերոսներ են ադրբեջանցի զինվորները: Դա խայտակառություն է: Դա ոչ թե բանակ է, այլ ահաբեկչական կազմակերպություն՝ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համանմանությամբ, ուստի նրանց դեմ պետք է վարել այնպիսի պատերազմ, ինչպիսին Ռուսաստանն է վարում Սիրիայում՝ սիրիական բանակի հետ միասին: Սա է իմ կարծիքը: Ես այդպես կգործեի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս