«Ադրբեջանի ռազմական քաղաքականությունը պետք է տապալվի քաղաքական դաշտում». Մանվել Սարգսյան

«Ադրբեջանը նպատակաուղղված լարում է իրադրությունը։ Պարզ երևում է, որ կոնկրետ քաղաքական նպատակներ հետապնդող գործղություններ են, դա միանշանակ է։ Եվ այն ռազմական ֆոնը, որ իրենք ստեղծում են, ցույց է տալիս, որ նպատակադրված աշխատանք են տանում։

Իմ կարծիքով՝ դա ստեղծված վիճակից է, որ ապրիլյան պատերազմից հետո մի շարք պարտադրանքների առջև կանգնեց Ադրբեջանը, ինչ-որ չափով քաղաքական առումով իր դեմ աշխատեց այդ պատերազմը, ստեղծվեց մի վիճակ, երբ ընդհանրապես բովանդակային բանակցությունների մասին խոսելն անիմաստ է դարձել, և համարյա այս ամբողջ տարին Ադրբեջանը փորձում էր տարբեր ձևերով, տարբեր երկրների հետ հարաբերություններ ստեղծելով, շփման գծում սադրանքներ իրականացնելով, իր ռազմական դիվանագիտությունը զարգացնելով՝ Մինսկի խմբի համանախագահներին փորձի պարտադրել, որ նրանք հրաժարվեն ոչ ադրբեջանամետ լուծումներից»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով անցած գիշեր Ադրբեջանի ձեռնարկած հերթական ագրեսիան։

Ոչ միայն ղարաբաղաադրբեջանական շփման գծում ագրեսիան, այլև Թալիշի հրետակոծությունը, ըստ Մ.Սարգսյանի՝ հոգեբանական գործոն ունի. «Այն, որ Ղարաբաղի իշխանությունները վերականգնում են Թալիշը, նոր բնակավայր են ստեղծում, իհարկե, Ադրբեջանի համար դա շատ մեծ հոգեբանական հարված է, և սպասելի էր, որ պետք է ամեն կերպ փորձեն խոչընդոտել։ Իրենց այն պլանները, որ հայտարարեցին, թե ադրբեջանական գյուղ են ազատագրել, որ ուզում են վերականգնել, նույնպես կապված էր Թալիշի ծրագրի հետ, և պետք է ամեն կերպ փորձեն, որ Ղարաբաղը հրաժարվի Թալիշը վերականգնելու ծրագրից»։

Բացի ռազմական պատասխան գործողություններից, Մ.Սարգսյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է դիվանագիտական աշխատանք կատարի և շարունակի ապրիլյան պատերազմից հետո որդեգրած քաղաքականությունը, բազմաթիվ հայտարությունները։

«Ադրբեջանի ռազմական քաղաքականությունը պետք է տապալվի քաղաքական դաշտում։ Ուրիշ խնդիր չի կարող լինել։ Ստրատեգիա պետք է լինի, որ բերի նրան, որ ամեն կրակոց, որը հիմա կարծես իրոք Ադրբեջանի օգտին է աշխատում, աշխատի նրա դեմ։ Հիմնական թեզը պետք է լինի Ղարաբաղի ճանաչման խնդիրը։ Դա ապրիլյան պատերազմից հետո միջազգային ասպարեզում ակտուալացել է, շատերն են հարց բարձրացրել Արցախը ճանաչելու, և, ընդհանրապես, Արցախի ճանաչման խնդիրը պետք է լինի ստրատեգիայի հիմքում։ Այդ ժամանակ ամեն կրակոց հետզհետե ավելի ու ավելի շատ է աշխատելու Ադրբեջանի դեմ»,- ասաց Մ.Սարգսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով, հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ, իսկ այսօր առավոտից սկսած տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկանշական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականանետից և Դ-44 հրանոթից արձակել է 4 արկ: Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս