«Ադրբեջանցիների այս գործողությունները մեսիջներ են հայերին». Սերգեյ Մինասյան
«Ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ գնում են նման քայլերի, և, եթե ինչ-որ համարժեք պատասխան չի լինում, նրանք դա ավելացնում են: Ադրբեջանցիները մտածում են, թե կարող են այդպիսի գործողությունների հաշվին ինչ-որ հաջողությունների հասնել:
Հետևաբար, կարծում եմ՝ մոտակա ժամանակներում նորից կունենանք նմանատիպ գործողություններ, որովհետև այս գործողությունն այն մակարդակի չէր, որ դրանով ադրբեջանցիները սահմանափակվեն»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ադրբեջանական կողմի վերջին գործողությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին, ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
Լայնածավալ պատերազմ, այնուամենայնիվ, քաղաքագետը չի կանխատեսում. «Բայց առաջիկայում մի քիչ ավելի լայն մասշտաբի գործողություններ կարող են լինել»: Ս. Մինասյանի խոսքով՝ ադրբեջանցիների այս գործողությունները մեսիջներ են հայերին. «Առաջին՝ իրենք չեն մերվել այն քաղաքական իրականության հետ, որը պաշտպանվում է արցախյան հակամարտության շուրջ արդեն 25 տարի, երկրորդ՝ նրանց ռազմական սպառնալիքներն իմաստ ունեն, և դրանով ցանկանում են լրջություն ցույց տալ:
Նաև հույս ունեն, որ այս կամ այն ռազմական օպերացիան կարող է հաջողված լինել, ու արդյունքում՝ իրենք կարող են մեկ-երկու դիրք կամ տարածք վերցնել»: Իսկ այն, որ այս գործողության արդյունքում ադրբեջանական կողմն ունի կորուստներ, հայկական կողմը՝ ոչ, ըստ քաղաքագետի՝ վկայում է այն մասին, որ տեսնելով ադրբեջանական զորքերի մոտեցումները՝ հայկական կողմն օգտագործել է հրետանին, ականանետերը, հեռահար կրակը, ինչը հնարավորություն է տվել հետ մղել ադրբեջանցիներին: