Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը հատուկ մրցանակի է արժանացել հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտը հանրահռչակելու համար:
Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմեց միջոցառման մասնակիցներին: Շնորհակալություն հայտնելով մրցանակի համար՝ Մխիթարյանը դիմեց Հայաստանի նոր սերնդին՝ մաղթելով նպատակների իրագործում, ինչը հնարավոր է տաղանդի և աշխատասիրության շնորհիվ:
«Հայկյան» հատուկ մրցանակի է արժանացել նաև Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ հայկական սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և նվիրումի համար: Իր խոսքում Արթուր Ալեքսանյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հատուկ մրցանակի արժանանալը: Նա հավելեց, որ միշտ պատրաստ է բարձր պահել Հայաստանի պատիվը:
Արթուր Ալեքսանյանին մրցանակները հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: