«Անկեղծ ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, սա է մեր ցուցակը». Էդուարդ Շարմազանով
«Մենք չենք ցանկացել արհեստականորեն ուռճացնել նախընտրական ցուցակը։ Այսինքն՝ բերեինք 100-120 հոգանոց ցուցակ ներկայացնեի՞նք 64-ի փոխարեն, հետո դնեինք մարզպետներին, փոխմարզպետներին, նախարարներին, փոխնախարարներին հանեի՞նք։ Ո՛չ։ Սա շատ ավելի հստակ է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, մենք գնում ենք պառլամենտական ընտրության ու մենք այս թիմով ենք աշխատելու պառլամենտում։ Քանի որ պառլամենտական պետության մեջ հիմնական դերակատար արդեն լինելու է քաղաքական ուժը, որն ունի մեծամասնություն, և հիմնական որոշումները կայացվելու են պառլամենտում, կառավարությունն այլևս, այդ թվում՝ վարչապետը, հաշվետու է պառլամենտին, բնականաբար, մենք շատ անկեղծ ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, սա է մեր ցուցակը։ Մենք չենք ասում՝ մենք այսպես գնում ենք, հետո ղուշ ու գիր կգցենք, կտեսնենք՝ էդ 100 հոգուց ով կանցնի պառլամենտ։ Կուսակցություն կա, 300 հոգանոց ցուցակ է ներկայացնում, դրանով պարծենում է։ Հաստատ Հանրապետականի չափ ոչ մեկը չէր կարող ներկայացնել, բայց մենք արհեստական ուռճացման ճանապարհով չենք գնացել, և այսպես ավելի արդյունավետ է, որպեսզի նաև ավելի անկեղծ լինենք ընտրողի հետ»,- հավելել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: