
Նուբարաշենում նոր մանկապարտեզ կհիմնվի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի ազատ մասնաշենքը կտրամադրվի Նուբարաշեն վարչական շրջանին՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով: Այս հարցն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջիկա հինգշաբթի օրը Կառավարության նիստում կներկայացնի գործադիրին։
Ըստ որոշման նախագծի՝ ներկայումս Նուբարաշենում գործում է միայն 1 մանկապարտեզ, ինչի հետևանքով 2016 թվականի ընթացքում հերթագրման մեջ գտնվող շուրջ 345 երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:
Խնդրի լուծման համար որոշվել է տարածք տրամադրել՝ Նուբարաշենում երկրորդ մանկապարտեզը կազմակերպելու համար: Մանկապարտեզի համար կտրամադրվի 650.9 քառ.մետր շենքային տարածք, դրան հարող 1684 քառ. մետր հողատարածք՝ հարակից 476 քառ.մետր մակերեսով սպորտային հրապարակով և յուրաքանչյուրը 10.5 քառ.մետր մակերեսով երկու հատ զրուցարան-տաղավարներով: