«Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել արտաքին աշխարհին և այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել հնարավոր բոլոր հարթակները». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում Ներգնա տուրօպերատորների միության անդամների և զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տուրիզմի բնագավառի զարգացմանն ուղղված հարցեր ու խնդիրներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի ճանաչելիության բարձրացմանը, արտերկրում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացմանը, զբոսաշրջության ապակենտրոնացմանը, միջազգային ավիաչվերթերի ավելացմանը: Ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը նշել է, որ հայկական զբոսաշրջային ընկերությունները մասնակցում են միջազգային տարբեր ցուցահանդեսների, որունց նպատակն է տարբեր շուկաներում լավագույնս ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու գրավչությունը: Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում մատուցվող զբոսաշրջային ծառայությունները՝ հյուրանոց, հանրային սնունդ, տրանսպորտ և այլն, մրցունակ են և անհրաժեշտ է աշխատանքներ տանել մատչելի սակագներով գործող ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ: Նշվել է նաև, որ վերջին շրջանում նկատվում է ՌԴ-ից կորպորատիվ տուրիզմի լուրջ աճ:
Անդրադառնալով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և ներգնա զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ վարչապետը տուրօպերատորներին հորդորել է ներկայացնել հստակ ծրագիր, որտեղ նշված կլինեն պետության և մասնավորի գործառույթները: «Ձևակերպեք իրագործելի, տրամաբանություն ունեցող, կառուցողական, խելացի և համակարգված ծրագիր: Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել արտաքին աշխարհին և այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել հնարավոր բոլոր հարթակները»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը կարևորել է տարածաշրջանային տուրփաթեթների մշակումը և ռեգիոնալ զբոսաշրջային շուկայի ձևավորումը՝ ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության առջև ոլորտի հետևողական զարգացման խնդիր է դրվել, այժմ աշխատանքներ են տարվում Հայաստան միջազգային նոր, այդ թվում՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ:
Հանդիպմանը տուրօպերատորները բարձրացրել են նաև ԱԱՀ-ի ներդրմանը, զբոսաշրջային գործակալությունների լիցենզավորմանը վերաբերող հարցեր: