Ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքը չի հրապարակում իր ամբողջական ընտրացուցակը

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցություններն ու դաշինքները հիմնականում հրապարակել են իրենց ընտրացուցակների ոչ միայն առաջին տասնյակին կամ քսանյակներին, այլև ամբողջ ցուցակները։ Սակայն «Ծառուկյան» դաշինքը ամբողջական ցուցակը մինչ օրս չի հրապարակել, բավարարվել է միայն տասնյակով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն սկսվել է կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցման գործընթացը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը ԿԸՀ է ներկայացրել ամբողջական ցուցակ։ Նա պարզաբանեց, որ կուսակցություններն ու դաշինքները ցուցակների ներկայացման վերջնաժամկետից հետո կարող են ուղղումներ իրականացնել դրանցում, օրինակ՝ ուղղել որևէ համար կամ հայրանուն, բայց թեկնածուների անուններն այլևս փոփոխման ենթակա չեն։

Այս պարագայում, երբ ցուցակի անունները չեն կարող փոխվել, առավել տարօրինակ է, թե ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքը մինչև հիմա չի հրապարակել իր ամբողջական ցուցակը։ Խնդիրն առավել ինտրիգային երանգ ստացավ, երբ այն փորձեցինք պարզել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից։ Հարցը լսելով՝ նա անջատեց հեռախոսն ու այլևս չպատասխանեց մեր զանգերին։ ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը նշեց, թե տեղյակ չէ, և այս պահին այլ հանձնարարությամբ է զբաղված։

Դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համարում գտնվող Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը սահմանված կարգով ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով. «Դուք գիտեք ԿԸՀ ընթացակարգը։  Գրանցումների ավարտվելուց հետո, այսինքն՝ ամսի 26-ին, ԿԸՀ-ի կայքում դուք կծանոթանաք «Ծառուկյան» դաշինքի փակ և բաց ցուցակներին»։

Թե ո՞րն է խնդիրը, որ մինչ ԿԸՀ-ի որոշումը դաշինքն ինքը չի հրապարակում ցուցակը, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Որևէ բան չկա, օրենքով ԿԸՀ-ն պետք է հրապարակի»։

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը հետևյալն է՝

  1. Գագիկ Ծառուկյան
  2. Իշխան Զաքարյան
  3. Նաիրա Զոհրաբյան
  4. Վարդան Բոստանջյան
  5. Միքայել Մելքումյան
  6. Արարատ Զուրաբյան
  7. Տիգրան Ուրիխանյան
  8. Իվետա Տոնոյան
  9. Արգամ Աբրահամյան
  10. Վարդևան Գրիգորյան:

 

Տեսանյութեր

Լրահոս