Գրքոտ Երևան
Փետրվարի 19-ին Երևանում գրքոտ կրքեր էին տիրում գրեթե բոլոր գրախանութներում: Նոր գրախանութի բացում, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, հայտնիների մասնակցությամբ տոնական գրքավաճառություն և իհարկե Գրաբուս երևույթը:
«Բյուրոկրատ» գրախանութն իր այցելուներին անակնկալ էր պատրաստել՝ գիրք նվիրելու օրն ավելի հետաքրքիր անցկացնելու նպատակով այդ օրը գրախանութի մշտական խորհրդատուներին զուգահեռ գրքեր էին խորհուրդ տվել Նարեկ Մարգարյանը, Արամ Պաչյանն ու Հասմիկ Սիմոնյանը:
Հաղորդավար Նարեկ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Առաջին վաճառքս Դեն Բրաուն էր»:
Ի դեպ «Բյուրոկրատում» հետաքրքիր է լինելու նաև վաղը, քանի որ կարդալու են Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը»։ Մի քանի դպրոցականների հետ ընթերցելու են մաթևոսյանական այն ստեղծագործությունը, որը հուզում է բոլորին՝ անկախ տարիքից։ Օրվա հատուկ հյուրն է լինելու Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը:
Իսկ «Բուկինիստ»-ում այսօր Էդգար Հարությունյանի «Չգտնված Երիցուկներ» գրքի շնորհանդես էր: «Չգտնված Երիցուկները» հեղինակի երկրորդ գիրքն է:
«Խնկո Ապոր» անվան գրադարանում «Արևիկ» հրատարակչությունը, «Sahakyants Animation Studio»-ն և «Sharm Holding»-ը Գիրք նվիրելու տոնին հրավիրել էին բոլոր ընթերցասեր փոքրիկներին Խնկո-Ապոր անվան գրադարան՝ Ղ.Աղայանի «Անահիտ» հեքիաթի նոր գրքի շնորհանդեսին և համանուն հեքիաթի մուլտֆիլմի ցուցադրությանը:
«Loft»-ում այսօր «Գրքի շուրջ» խորագրով գեղարվեստական գրքերի քննարկումների շարքի երկրորդ հանդիպումն էր: ՀՀ մշակույթի նախարարությունը, «Գրքամոլը» և «LOFT»-ը այսօր հրավիրել էին բոլորին, ինչպես իրենք են նշում ՝ գրքոտվելու և մասնակցելու հետաքրքիր քննարկմանը։ Այս անգամ ընտրվել էր Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վեպը, որը պատմություն է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Իրադարձությունները ծավալվում են համակենտրոնացման ճամբարի հրամանատարի որդու՝ Բրունոյի շուրջ, ում հանկարծակի ծանոթությունը հրեա տղայի հետ, բերում է անկանխատեսելի հետևանքների։
Այսօր՝ գիրք նվիրելու օրը, տեղի ունեցավ նաև «Նոյյան Տապան» գրատների ցանցի գլխամասի պաշտոնական բացման արարողությունը: Այսուհետ գրախանութն Աբովյան փողոցում է:
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն ու Հայաստանի մշակութային հիմնադրամը հայ ընթերցողների համար պատրաստել էին լավագույն նվերը՝ ժամը 12։00-ից մինչև երեկո Հայաստանի առաջին շարժական գրախանութը շրջել էր Երևանի համայնքներում և ներկայացված բոլոր գրքերը վաճառել 30% զեղչով: