«Հայաստանը բոլոր կարևոր հարցերում պետք է հստակ դիրքորոշում մշակի». Արեգ Գալստյան

«Հայաստանն արդեն իր սուվերենության մի մասը տվել է ԵՏՄ-ին, ինչն ընդունված է նման կազմակերպությունների պարագայում: Բայց դրա հետ մեկտեղ՝ պետության համար դժվարին պահերին դու կարող ես ապավինել տվյալ կառույցին: Հենց դրա համար էլ պետությունը զոհաբերում է իր ազգային սուվերենության մի մասը՝ փոխարենը ստանալով ինչ-որ բան: Բայց երբ դու զոհաբերում ես քո սուվերենությունն ու ի պատասխան ոչինչ չես ստանում, ես անգամ չգիտեմ, թե ինչպես է դա կոչվում, այդպիսի տերմինաբանություն էլ գոյություն չունի: Ես դա կանվանեի՝ բավականին անհեռանկար քաղաքականություն»,- մեզ հետ զրույցում ասել է պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը: Նրա խոսքով՝ գտնվելով ԵՏՄ-ում և չգործելով՝ Հայաստանը վտանգի է ենթարկում իր ազգային անվտանգությունը:

«Կարծում եմ, որ Հայաստանը բոլոր կարևոր հարցերում պետք է հստակ դիրքորոշում մշակի: Առաջին հերթին՝ դա վերաբերում է ԵՏՄ-ին, որովհետև, եթե հիմա Հայաստանն աչք է փակում այս կամ այն քայլերի վրա, որոնք իրենց բնույթով հակահայ են, եթե նա չմշակի իր դիրքորոշումը, դրա մասին չխոսի ու այն առաջ չմղի, ապա Ադրբեջանն ու Թուրքիան՝ ունենալով լուրջ ազդեցություն Ղազախստանի և Բելառուսի վրա, իրենց հակահայ լոբբինգը կանեն այն կառույցի ներսում, որում գտնվում է Հայաստանը: Այսինքն՝ գտնվելով ԵՏՄ-ում և չգործելով՝ դու վտանգի ես ենթարկում քո ազգային անվտանգությունը, քո պետության գոյությունը, որովհետև դու հիմա այնպես անկախ չես, ինչպիսին էիր՝ առանց այդ կառույցի մեջ լինելու: Դու քո սուվերենության մի մասը տվել ես, ու շատ հարցեր լուծվում են համատեղ, այլ ոչ միայն քո ձայնով: Եթե քո ձայնն այնտեղ ընդհանրապես լսելի չէ, ապա բոլոր որոշումները կընդունվեն քո փոխարեն: Այս իրավիճակը պետք է արմատապես փոխել»,- ասել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս