Տարոն Մարգարյանը մոտ 200 հազար դոլարի պարգևատրում է կատարել իր աշխատակիցներին. armtimes.com
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պարզվում է գնահատում է աշխատասեր մարդկանց, բայց գնահատում է Երևան քաղաքի բյուջեում առկա միջոցների հաշվին: Armtimes.com-ը Երևանի քաղաքապետի կարգադրությունների ուսումնասիրությունից պարզել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը համար «1087-Ա» կարգադրությամբ պարգևատրել է Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին ընդհանուր վերցրած մոտ 95 միլիոն դրամ կամ ավելի քան 196 հազար ԱՄՆ դոլար:
«Հաշվի առնելով Երևան քաղաքի վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու հանգամանքը, Երևան քաղաքի Արաբկիր, Աջափնյակ, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների աշխատակիցներին (բացի սպասարկող անձնակազմից) խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ մեկամսյա աշխատավարձի չափով` Երևան քաղաքի 2016թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,- ասված է Տարոն Մարգարյանի կարգադրության մեջ:
Պարգևավճար է ստացել թվով 418 աշխատակից: Նրանց թվում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը: Այս անձանցից յուրաքանչյուրը ստացել է 400 հազար դրամ պարգևավճար: 346 հազարական դրամներ էլ ստացել են այս անձանցից յուրաքանչյուրի երկուական տեղակալները: Պարգևատրվածների մեջ հիմնականում թաղապետարանների առաջատար մասնագետներն են: Ուշագրավ է, որ 418 պարգևատրվածներից որևէ մեկը 200 հազար դրամ աշխատավարձից պակաս վարձատրություն չի ստանում: