Ոստիկանությունում կայացել է ԱԺ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված շտաբի առաջին նիստը
Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների և կենտրոնական ապարատի ծառայությունների ղեկավարներ:
Մանրամասնելով ընտրությունների շրջանում ոստիկանության առանցքային խնդիրներն ու գործառույթները՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել մասնավորապես իրավախախտումների հնարավոր դրսևորումների վրա և տվել կոնկրետ հրահանգներ:
Նիստի ընթացքում քննարկվել են օպերատիվ շտաբի կազմում ձևավորված աշխատանքային խմբերի գործառույթները, ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցը, ընտրացուցակների կատարելագործման գործընթացը և մի շարք այլ հարցեր:
Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքը և առաջիկա անելիքները:
Օպերատիվ շտաբի նիստի ավարտին ըստ գործառութային ոլորտների տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: