«Եթե գեղեցիկ ծաղիկներ են դրվում, և գեղեցիկ հագուստ կա իմ տիկնոջ հագին, դա…». Սեյրան Օհանյանն անտարբեր է իր ֆոտոսեսիաների քննադատությունների հանդեպ

«Չմոռանանք, որ լինելով զինվորական, միևնույն ժամանակ՝ նաև քաղաքացիական անձնավորություն եմ եղել։ 8.5 տարիների ընթացքում ես եղել եմ պաշտպանության նախարար՝ որպես քաղաքացիական անձնավորություն, և մասնակցել եմ բոլոր այն գործընթացներին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի Հանրապետությունում։

Գիտեք, որ ես մի քանի անգամ եղել եմ ջրօրհնության ժամանակ՝ որպես խաչքավոր, և կարծում եմ, որ դա անհրաժեշտություն է, որովհետև իմ ղեկավարման տարիներին է, որ մեր Վեհափառի հետ համագործակցությամբ մենք կարողացել ենք հոգևոր ծառայությունն ավելի բարձր հիմքերի վրա դնել, որովհետև հոգևոր ծառայողներն այն ծառայողներն են, որ գոնե զինծառայողների միջանձնային հարաբերություններում այդ անհանդուրժողականության հատկանիշները կարողանում են հանել, որոնք որ կոնֆլիկտների հիմնական, էսպես, պատճառ են հանդիսանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր ընտանեկան ֆոտոսեսիաների քննադատությանը։

Մեր դիտարկումից՝ շատ լավ դիվանագետ եք, ոչ մի հարցի ուղիղ պատասխան չեք տալիս, Օհանյանը զարմացավ. «Բայց ինչի՞»։

Նույն հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ձեր կնոջ ֆոտոսեսիաներին ուղղված  քննադատությանը, Օհանյանը հետևյալ պատասխանը տվեց. «Գեղեցիկ լինելը, գեղեցկությունը չի կարելի համեմատել շքեղության հետ։ Այսինքն՝ եթե գեղեցիկ ծաղիկներ են դրվում, և գեղեցիկ հագուստ կա իմ տիկնոջ հագին, դա…»։

Նախկին նախարարին հիշեցրինք այն շքեղ ունեցվածքի մասին, որ առկա են այդ լուսանկարներում։

«Շքեղությունը… ես այդ տարիներին ապրել եմ ՀՀ կառավարության կողմից տրամադրված տանը, և այդ տունը` իր ամեն ինչով, տրամադրել է մեզ կառավարությունը, որից ես, 8.5 տարի ծառայելուց հետո, հանգիստ դուրս եմ եկել և հիմա վարձով եմ ապրում»,- ասաց նա:

Օհանյանին նաև խնդրեցինք պարզաբանել, թե ինչպե՞ս է ստացվել, որ Վահագնի թաղամասում հողակտոր նվեր ստացած մարդը վարձով տանն է բնակվում։

«Հողակտորն այլևս իմը չի, ես վաճառել եմ։ Իսկ վարձով եմ ապրում, որովհետև չունեմ այլ բնակարան, որ ապրեմ»,- նշեց նախկին նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս