«Իրավիճակի ռադիկալ փոփոխություն՝ առանց պատկերացնելու, թե ի՞նչ է նշանակում այդ փոփոխությունը, և թե ինչպե՞ս կարելի է դա իրականացնել, չի լինելու»

Այսօր «Նոյյան Տապան» գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ մշակութաբան և հրապարակախոս Արա Նեդոլյանի ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձավ նախընտրական խոստումներին՝ պարզաբանելով, թե ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական ո՞ր ուժն է ներկայացնում Հայաստանի զարգացման հեռանկարը ցույց տվող հիմնարար ծրագիր, և, թե ինչի՞ համար է հավակնում իշխանության:

«Հիմնական մտահոգությունս այն է, որ ծրագիր, որպես այդպիսին, այս պահին ես չեմ տեսնում: Ես գրեթե չեմ կասկածում, որ երևի մարտ ամսին բոլոր ուժերն ինչ-որ ծրագրեր կամ դրան հիշեցնող ինչ-որ փաստաթղթեր կհրապարակեն, բայց պարզ է, որ քաղաքական գործընթացը, որ բերեց նրանց ընտրությունների շեմին և որոշմանը՝ մասնակցելու ընտրություններին, այդ ծրագրերի հետ հավանաբար կապված չէր»,- ընդգծում է մշակութաբանը:

Ինչո՞ւ են այդ պարագայում նրանք հավակնում գալ իշխանության, եթե չունեն համապատասխան ծրագրեր. այս հարցին Արա Նեդոլյանն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ՝ նրանք ինչու են գալիս, բայց կարող եմ խոսել ընտրողի տեսանկյունից՝ կա դեռ նաիվ, հետադեմ միտք, որ ամեն ինչ կախված է մարդկային որակներից, այսինքն՝ կադրային փոփոխություններից: Նախ նման մոտեցման պարագայում դժվար թե մեծ քանակությամբ նոր մարդիկ գան Ազգային ժողով՝ համենայն դեպս չբերելով իշխանափոխության, և անգամ, եթե ինչ-որ հրաշքով այդ մարդիկ Ազգային ժողովում մեծամասնություն կազմեն, միևնույն է՝ արդյո՞ք կլինի որակական տարբերություն՝ եղած իշխանության հետ»:

Հարցերը կուտակվում են՝ չունենալով պատասխաններ, իսկ խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում, նկատում է բանախոսն ու հավելում. «Եթե դրանց մասին չբարձրաձայնեն, ապա կարող է թվալ, թե լուծման կարիք չկա, և կյանքը դեռ կարող է այսպես շարունակվել՝ ևս 10-20 տարի: Այնուհանդերձ կա այսպիսի մի հանգամանք, երբ խնդիրները չես լուծում, սա դեռևս չի նշանակում, որ պատասխանները չեն տրվում, լուծումներ չեն առաջադրվում, որոնք սակայն մնում են չլուծված կամ ոչ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կամ այդ երկրի հասարակության»:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններով պայմանավորված փոքրիկ, չնչին փոփոխություններ միգուցե լինեն, բայց իրավիճակի ռադիկալ փոփոխություն, առանց պատկերացման, թե ի՞նչ է նշանակում այդ փոփոխությունը, և թե ինչպե՞ս կարելի է դա իրականացնել, չի լինելու: Սա, թերևս, բանախոսի՝ մշակութաբան և հրապարակախոս Արա Նեդոլյանի համոզմունքն էր, որը վերջինս հայտնեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս