«Ընտրարշավի պատճառով նախարարության ծրագրերը չեն տուժի». Արմեն Ամիրյան
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է, որ ընտրարշավի պատճառով Մշակույթի նախարարության ծրագրերը չեն տուժելու: Նախարարի տարածած հայտարարության մեջ, որ ներկայացնում է այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցը, մասնավորապես ասվում է.
«Հաճելի և պարտավորեցնող է լինել ՀՀԿ ցուցակում, որոշումն էլ, որ եղել է կուսակցությանը, նորմալ եմ ընդունել»:
Արմեն Ամիրյանն առաջիկա քարոզարշավին կմասնակցի օրենքով սահմանված կարգով: Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կազդի Արմեն Ամիրյանի ներկայությունը կուսակցության վարկանիշի վրա, նախարարը պատասխանել է. «Կարծում եմ՝ դրական»:
Կշարունակի՞ պաշտոնավարել Արմեն Ամիրյանն ընտրություններից հետո հարցին ի պատասխան՝ նախարարը հիշեցրել է, որ խորհրդարանի մեծամասնությունը պետք է ձևավորի կառավարություն, և, եթե Հանրապետական կուսակցությունն ընտրություններում ձայների մեծամասնությունը շահի, անշուշտ, կտրվի հնարավորություն՝ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմով շարունակելու սկսած ծրագրերը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի ընտրական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իսկ երրորդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հնգյակում են նաև պատգամավոր Արա Բաբլոյանը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: