Բաժիններ՝

ԼՂ հակամարտության բուն էությունից հեռանալու դեպքում լուծման հեռանկարները մեծ վտանգի տակ են. Արտակ Զաքարյան

Պետք է ամեն ինչ անել հանրային, տեղեկատվական եւ քաղաքական հարթակներում իրականությունը ադրբեջանցիների կեղծ ձեւակերպումներից զերծ պահելու համար: «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական աշխատաժողովի շրջանակում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Ադրբեջանցիներն առանց ամաչելու ելույթ են ունենում միջազգային խորհրդարաններում՝ փորձելով մոլորության մեջ գցել հաճախ անծանոթ մարդկանց: Այն նաեւ փորձում է բուն կոնֆլիկտը վերածել տարածքային վեճի՝ դրանով իսկ հակասության մեջ դնելով միջազգային իրավունքներով սահմանված մի շարք սկզբունքներ, ինչը մեզ չի մոտեցնի կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը: Այդ իսկ պատճառով նախաձեռնությունն ինքնին շատ կարեւոր է, որովհետեւ մենք ամեն օր բախվում ենք այդ կոնֆլիկտի էությունը, հանգամանքներն ու ընթացքն աղավաղող Ադրբեջանի հետ, իսկ հակամարտության բուն էությունից հեռանալով՝ մենք շատ մեծ վտանգի տակ ենք դնում լուծման բոլոր հեռանկարները»,- ­շեշտեց Արտակ Զաքարյանը:

Նա ընդգծեց, որ Արցախում ապրող հայերից գերբնական քաջություն էր պահանջվում դիմանալու ադրբեջանցիների ճնշումներին:

«Դեռեւս 20­-րդ դարի սկզբին, երբ Ստալինի եւ Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը պոկվեցին Հայաստանից եւ բռնակցվեցին Ադրբեջանին, սկսեցին այդ երկու ինքնավար մարզերի նկատմամբ ագրեսիվ, հայաթափմանն ուղղված գործողությունները: Շատ մեծ կամք էր անհրաժեշտ, որպեսզի մարդիկ կարողանային չլքել եւ մնալ իրենց հայրենիքում, ապրել եւ զարգանալ: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքով մեկ արհեստականորեն բնակեցվում էին ադրբեջանցիները, կարճ ժամանակում ադրբեջանական գյուղեր էին ծնվում: Նպատակը մեկն էր՝ ազդեցություն ունենալ հաղորդակցման վրա, հոգեբանական ճնշման ենթարկել Ղարաբաղի բնիկ ժողովրդին՝ հայերին: Այդ բնակավայրերը դարձան շրջափակման օղակներ հիմնական քաղաքների եւ շրջկենտրոնների համար: Եվ ստացվեց պայքարել ու ճեղքել այդ շրջափակումը, որովհետեւ կար կամք, քաղաքական պայքար, հասարակական էներգիա, կար մեկ նպատակ՝ ապրել ազատ, անկախ, բոլոր ժողովուրդներին տրված ինքնորոշման իրավունքով»,­- եզրափակեց Արտակ Զաքարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս