Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր ձերբակալվածներ կան
Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում Նոր տարվա գիշերը տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Օրթաքյոյում գտնվող «Ռեյնա» գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչության հարցով ընթացող հետաքննության շրջանակներում ահաբեկչության կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեղադրանքով ձերբակալվել է 5 կասկածյալ:
Ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նաև «սահմանադրական կարգը վերացնելու փորձի» և «զինված ահաբեկչական կազմակերության անդամ լինելու» մեղադրանքներով:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն` ձերբակալվածներից մեկը ահաբեկչությունը ուղղակիորեն կատարած Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մասհարիփովի կինն է, ով հունվարի 16-ին ձերբակալվել էր Էսենյուրթում:
2017 թվականի տարեմուտի գիշերը «Ռեյնա» ակումբում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հունվարի 11ին ահաբեկչության կազմակերպման հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել էր 35 մարդ, փետրվարի 3-ին` 11 մարդ: