Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է մեջլիսի հանձնաժողովի նախագահին
Փետրվարի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ Մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Մեհդի Զահեդիի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Իրանի միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց այդ բնագավառում երկու երկրների օրենսդիր մարմինների գործունեությանը և առաջիկա ծրագրերին, ինչպես նաև ընդգծվեց ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի միջև գործնական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:
Քննարկվեցին բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված դիպլոմների փոխճանաչման, գիտնականների և ուսանողների փոխանակման հարցերը, ինչպես նաև գիտահետազոտական և կրթական համատեղ ծրագրերի ու մասնագիտական տեղեկատվության փոխանակման, կրթական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանն առնչվող թեմաներ:
Մոհամմադ Զահեդին ՀՀ դեսպանին առաջարկեց կազմակերպել երկու երկրների օրենսդիր մարմինների գիտակրթական հանձնաժողովների փոխայցելություններ՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրները քննարկելու նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Իրանում գիտության զարգացման մեջ մեծ ներդրում ունեցած հայազգի գիտնականներին: