
«Բավականին գայթակղիչ առաջարկներ ստացել եմ և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական քաղաքական ուժերից». Թագուհի Թովմասյան

Տևական ժամանակ է, ինչ քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում, որ «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է պատգամավորի թեկնածու և կլինի հաջորդ խորհրդարանում: Ընդ որում, մերթ նշվում էր, որ նա ընդդիմադիր «Ելք» դաշինքի ընտրացուցակում կլինի, մերթ «Բարգավաճ Հայաստան» ու նույնիսկ նաև Հանրապետական կուսակցության ընտրացուցակում:
Սակայն մեր գործընկերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման մտադրություն չունի: «Անկեղծ ասած, պատգամավոր դառնալու բավականին գայթակղիչ առաջարկներ ստացել եմ և՛, ընդդիմադիր և՛ իշխանական տարբեր քաղաքական ուժերից, սակայն չեմ պատրաստվում որևէ կուսակցության ընտրացուցակում տեղ զբաղեցնել կամ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել: Ես նախընտրում եմ լրագրությունը՝ իմ հարազատ խմբագրությունում»,- պատասխանեց Թագուհի Թովմասյանը: