
«Հայաստանը վերածվել է ՓԲԸ-ի»

«Ելք» դաշինքի անդամ, գրող Համբարձում Համբարձումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մեծ վտանգ է զգում՝ սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգքրի փոփոխության հետ կապված. «Այն վտանգն եմ զգում, որ Հայաստանը վերածվել է ՓԲԸ-ի, որտեղ մի քանի խոշոր բաժնետերեր իրար մեջ կիսելու են այն, ու այդ պրոցեսը գնում է: Այսինքն՝ մի կողմից՝ կա Հանրապետական կուսակցությունը՝ իր որոշ թևերով, մի կողմից՝ կա Ծառուկյանը, կան մի քանի նախկին իշխանավորներ, որոնք կարող են հավակնել՝ մաս կազմել: Պրոցեսից ժողովուրդը, դեմոկրատական պրոցեսները դուրս են մնալու, ու մի հատ կազմակերպության է վերածվելու, որտեղ իրար հետ բաժնեմասեր են կիսելու, փոխանակելու»:
Նա ընդգծեց, որ այն հեքիաթները, թե համակարգ է փոխվում, ու այս համակարգում արդեն լրիվ նոր հարաբերություններ են լինելու, սուտ է. «Այս վտանգն է ինձ ստիպում, որպեսզի ավելի ակտիվ ներգրավվեմ»:
Իսկ «Ելք» դաշինքի կազմում իր ներգրավվելը նա բացատրեց նրանով, որ դաշինքում հիմնականում երիտասարդներ են, նաև՝ մաքուր էջից սկսելու ինչ-որ բան է տեսնում:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ հավելեց, որ թեև առաջարկ եղել է, բայց առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու. «Ինձ չեմ պատկերացնում այդ պրոցեսներում»:
Նրա խոսքով՝ դաշինքներում ու կուսակցություններում գործում են նախկին իշխանավորներ, ինչն ընտրողներին հնարավորություն է տալիս հստակ գնահատել նրանց գործունեությունը:
Հարցին՝ ժողովրդի հիշողությունը կարճ է, գուցե հավատա՞ն, որ ընդդիմադիր են դարձել, նա այսպես պատասխանեց. «Ընդդիմադիրից՝ իշխանություն, իշխանությունից՝ ընդդիմադիր, ընդամենը մեկ քայլ է, և մենք վերջին իրադարձություններով էլ դրանում համոզվում ենք: Մի քանի ամիս առաջ Սեյրան Օհանյանն իշխանություն էր, երբ պաշտոնին չի, արդեն ընդդիմություն է: Հովիկ Աբրահամյանի պարագան էլ տեսանք»: