Անկարան դեռևս չի կարողանում հաստատել իր մասնակցությունը Աստանայում կայանալիք բանակցություններին
Պաշտոնական Անկարան դեռևս չի կարողանում հաստատել իր մասնակցությունը փետրվարի 15-16-ը սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլին: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մենք դեռևս չենք կարող Աստանայում կայանալիք բանակցություններին մեր մասնակցության և այնտեղ քննարկվելիք հարցերի վերաբերյալ տեղեկություններ հայտնել»,- նշել են Թուրքիայի արտգործնախարարությունում:
Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Աստանայի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ին, որին մասնակցել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը:
Աստանայում կայացած բանակցությունների առաջին փուլին մասնակցել են այդ երկրի կառավարության եւ ընդդիմության, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան եւ Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջորջ Քրոլը՝ դիտորդի կարգավիճակով: