Սամվել Բաբայանը ցուցակ է փոխանցել Վիկտոր Դալլաքյանին. «Ես մերժել եմ Սամվել Բաբայանի առաջարկը».

«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը դադարեցրել է իր մասնակցությունը հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների ստորագրած համագործակցության համաձայնագրին: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը:

Ըստ նրա` իրենք չեն կարող համգործակցություն ծավալել, որովհետև կուլուարային, ստվերային քայլեր են եղել, որոնք թույլ չեն տա իրագործել իրենց կողմից ակնկալվող համակարգային փոփոխությունները. «Կուլուարային, ստվերային գործունեությունը մեզ համար անընդունելի է, այս պայմաններում ես աննպատակահարմար եմ համարում դաշինքին անդամակցել»:

Վ.Դալլաքյանը նշեց, որ անձամբ ջանքեր է գործադրել և մի քանի անգամ Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումներ է կազմակերպել, որպեսզի դաշինք ձևավորվի, բայց համաձայնություն ձեռք չի բերվել. «Ես եղել եմ ջատագովներից մեկը: Ծառուկայնի հետ իմ հարաբերությունները անձնական մտերմիկ, ջերմ հարաբերություններ են: Այդ դաշինքը հնարավորություն կտար արմատական, հեղափոխական փոփոխություններ իրականացնելու»:

Վ.Դալլաքյանը նշեց, որ փետրվարի 6-ին իր կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանը, ապա այցելել է նաև Դեմոկրատական կուսակցության գրասենյակ և ներկայացրել ցուցակ, որի տասնյակում եղել են հետևյալ անունները` Սեյրան Օհանյան. Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Վահե Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, Սուսաննա Մուրադյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան: Դալլաքյանը ցուցակում 11-րդն է եղել:

«Ես մերժել եմ այդ առաջարկը»,- ասաց Դալլաքյանը` նշելով, որ ցուցակի 10-նյակում 7-ը «Համախմբումի» ներկայացուցիչներն էին: Նա միաժամանակ նկատեց, թե իր համար ընդհանրապես նշանակություն չունի, թե որ համարը կլինի ինքը. «Քաղաքական և քաղաքագիտական առումով անընդունելի է դա: Համագործակցության 3 կուսակցությունները պետք է համամասնորեն ներկայացված լինեն: Սա է պաճառներից մեկը, որ դադարեցրել ենք մեր մասնակցությունը: Անձնական ամբիցիայի խնդիր չկա»:

«Օհանյանի քաղաքական անփորձությունը որոշ մարդիկ կարող էին օգտագործել այլ նպատակներով»,- նկատեց Դալլաքյանը:

Տեսանյութեր

Լրահոս