Որքանո՞վ է Հայաստանի համար օրինակելի Դուբայը, որի մասին խոսեց Գագիկ Ծառուկյանը
Երեկ ԲՀԿ համագումարի ժամանակ դահլիճում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողքին` թե՛ աջից, թե՛ ձախից, նստած էին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորներ` Միքայել Մելքումյանն ու Վարդան Բոստանջյանը:
Վ.Բոստանջյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է եղել, որ համագումարի ժամանակ անմիջապես Ծառուկյանի կողքին էր, և արդյո՞ք առաջիկա ընտրություններում լինելու է ԲՀԿ ցուցակում:
«Այդպես ստացվել էր, աթոռների վրա նախապես անունները դրված էին, իսկ ցուցակի հարցը մտածված ձևով չեմ բարձրացրել: Կարող եմ ասել միայն, որ Գավառում ես մեծամասնականով կներկայանամ ԲՀԿ-ի անունից»,- ասաց Բոստանջյանը:
Նա նշեց, որ այժմ ընթանում է ԲՀԿ նախընտրական ծրագրի մշակումը, որին մասնակցում է նաև ինքը: Ի պատախան հարցի, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ «Ծառուկյան» դաշինքի լայն կոնսոլիդացիան չի կայանում, Վ.Բոստանջյանը երդվեց` այդ զարգացումներին ծանոթ չէ. «Ես ինքս էլ հակված չեմ եղել հարցնեմ, քիթս խոթեմ գործերի մեջ, որոնց վերաբերյալ ես պետք էլ չի, որ տեղյակ լինեմ: Մի 2 օր էլ սպասենք, մինչև թղթերի ներկայացումը ԿԸՀ»:
Հետաքրքրվեցինք նաև, թե որքանո՞վ է Հայաստանի համար օրինակելի Դուբայը, որի մասին ԲՀԿ համագումարի ժամանակ խոսեց Գագիկ Ծառուկյանը, քանի որ այնտեղ ժողովրդավարություն չկա, բայց կա աղքատություն:
Վ.Բոստանջյանն օրինակ բերեց Իսրայելը, որը ստեղծվել էր 1948 թ. մի հողամասի վրա, որտեղ հող ու ջուր չկար, բայց այսօր ծաղկուն երկիր են դարձրել. «Ես հավատացնում եմ, որ ԱՄԷ-ի այդ տարածքն ուղտերի քարավանի տեղ է եղել առնվազն 50 տարի առաջ: Անկախ նրանից, թե կառավարման համակարգն ինչպիսին է` շեյխական, թագավորական, մոնարխիստական և այլն, դա, իհարկե, կարևոր է` դեմոկրատական սկզբունքների արմատավորում, մարդու իրավունքներ և այլն, բայց բոլոր դեպքերում՝ անկախ գաղափարախոսությունից, ցանկացած երկրի առաջընթացը պայմանավորված է, թե որքանով տվյալ երկրում բարեկեցությունը, սպառման, եկամուտների մակարդակը կլինեն արժանավայել: Հիմա այդ տիրույթում դա է:
Ես չափազանց ուզում եմ սիրել եվրոպական դեմոկրատական սկզբունքները, բայց դրանց մեջ մտնում է նաև, որ կինը կնոջ հետ ամուսնանա, տղամարդը` տղամարդու, երեխան էլ` չիմանա, թե որ սեռի ներկայացուցիչ է ինքը: Ծայրահեղությունների գիրկը ես չեմ ուզում ընկնել, բայց ուզում եմ Հայաստանում լինի իրավիճակ, որ քաղաքացին կարողանա արժանավայել ապրել»: