«Ընտրակաշառք տալը և վերցնելը քրեորեն պատժելի արարք է դարձել». Վարդան Այվազյան

ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՔԾ իրավական ապահովման բաժնի պետ Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ընտրական օրենսգրքի գլխավոր փոփոխությունն այն է, որ անցել ենք համամասնական ընտրական համակարգին, և ըստ նրա՝ այդ համակարգը լավագույն միջավայրն է՝ քաղաքական ուժերի միջև ապահովելու պայքար, որը կիրականացվի քաղաքական գաղափարախոսության շրջանակներում:

«Սրանից բխում է այն տրամաբանությունը, որ համամասնական ընտրական համակարգի պարագայում, երբ ընտրություններն իրականացվում են բացառապես քաղաքական կուսակցությունների միջև, քաղաքական դաշինքները պետք է ձևավորվեն քաղաքական գաղափարախոսության նմանությունների և ընդհանրությունների հիման վրա: Սակայն, մեր իրականության մեջ դա ամենևին այդպես չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական դաշինքների ստեղծման հիմնական նպատակն ընտրական զանգվածներին միավորելու և պահանջվող նախընտրական 7%-ի արգելքը հաղթահարելու խնդիրն է:

Ըստ նրա, սակայն, իդեալական Ընտրական օրենսգիրքն էլ չի աշխատում հայկական իրականության մեջ, և Վանաձորի ՏԻՄ ընտրությունները, իրավաբանի խոսքով՝ դրա վառ ապացույցն են. «Ընտրական օրենսգիրքն իդեալական պայմաններ ստեղծել էր, ընտրությունների արդյունքում էլ նրանք այդ հնարավորությունը ստացան, բայց ընդդիմադիրը քվեարկեց Հանրապետական կուսակցության ներկայացուցչի օգտին, և հիմա իրենց կուսությունը ցույց տալու համար չեն մասնակցում ավագանու նիստերին»:

Վարդան Այվազյանը կարևորեց Քրեական օրենսգրքում տեղի ունեցած մի փոփոխություն, որը վերաբերում է ընտրակաշառքներին. «Ընտրակաշառք տալը և վերցնելը քրեորեն պատժելի արարք է դարձել, բայց այդ քրեական հանցագործության պատճառները վերացնելը դժվար է»:

Տեսանյութեր

Լրահոս