130-ից ավել «Գրքոտ սիրո խոստովանություն»
Վերջապես հսկայական փափուկ խաղալիքներին փոխարինելու եկան փոքր չափսերով, բայց մեծ ասելիքով սիրառատ նվեր-գրքերը: Գիրք նվիրելու մշակույթը կարծես թե վերածնունդ է ապրում:
«Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ այսօր անցկացրին միջոցառում-ակցիա հատուկ գրքասերների համար՝ «Սիրո խոստովանություն՝ գրքով»:
Այս առիթով մենք զրուցեցինք «Բուկինիստ»-ի PR մենեջեր Անի Ղազարյանի հետ:
– Պատմեք այս «գրքոտ» մտահաղացման մասին:
– «Բուկինիստ»-ի հիմնադրման 85-ամյակի առթիվ մենք նախաձեռնել ենք «գրքոտ» միջոցառումների շարք: Առաջինը սա էր: Որոշել էինք անպայման նախապատվությունը տալ «Սուրբ Սարգսի» տոնին, այլ ոչ Վալենիտինին: Քանի որ այս տոնը սիրահարների տոնն է, որոնք արդեն գտել են իրենց երկրորդ կեսին կամ դեռ չեն խոստովանել նրան այդ մասին, մենք հնարավորություն ենք ստեղծել յուրօրինակ կերպով հայտնելու իրենց սերը: Նրանք իրենց սիրո խոստովանությունը գրել և թողնել են նախընտրած գրքի մեջ: Մենք գաղտնիությունը պահպանելով՝ զանգահարել և հայտնել ենք, տվյալ անձին, որ նա նվեր ունի իր գաղտնի գրքասերից:
– Ինչպիսի՞ն էր «սիրահարված» հանրության հետաքրքրությունն այս նախաձեռնության հանդեպ, երբ դեռ նոր էիք տեղադրել հայտարարությունը ֆեյսբուքյան Ձեր էջում:
– Մենք սկզբից ուրախանում էինք, երբ հայտնվեցին առաջին 10 գրքերը նվերների մեր զամբյուղում, մտածելով. «Վայ, ինչ լավ է՝ մասնակցում են»: Եվ մի քանի օր անց այդ թիվը հասավ 60-ի: Իսկ այսօր արդեն ունենք 130-ից ավելի գաղտնի գրքասեր: Երբ զանգում, հայտնում էինք, որ Դուք ունեք գաղտնի գրքասեր, ով Ձեզ համար գիրք է թողել մեզ մոտ, առաջին ռեակցիան զարմանքն էր, հաջորդիվ՝ հիացմունք:
– Ամենատպավորիչ սիրո խոստովանությունները որո՞նք են եղել:
– Մեկը գրել էր՝ «Ուշացած Ձմեռ Պապիկից», զինվորն է ուղղել իր ընկերուհուն սիրո խոստովանություն, մեկն այնքան հուզիչ էր նկարագրել, թե ինչպես է սիրում Սարգսին, որ մենք չկարողացանք թաքցնել մեր հուզմունքը: Կար մեկն, ով գիրք էր ընտրել իր ընկերոջը նվիրելու համար, իսկ հետո զանգել և խնդրել էր չեղարկել, քանի որ բաժանվել էին: Բայց մենք զգում էինք, որ, մի տեսակ, մինչև վերջ չեն բաժանվել: Հետո զանգահարեց այդ աղջկա ընկերը և ասաց, որ ինքն էլ է ուզում այդ աղջկան նվեր ընտրել: Կար նաև մի շատ հետաքրքիր երիտասարդ, ով միանգամից 3 աղջկա նվեր է պատրաստել:
– Ո՞ր գրքերն են մեծամասամբ որպես նվեր ընտրվել:
– «Նվիրվելու արվեստը», Ցվայգի «Նովելները», «Այնքան սպիտակ սիրտը», «Սիրելու արվեստը», «Փոքրիկ իշխանը»… Հատուկ այդ միջոցառման համար մենք պատրաստել էինք նյութ և առաջարկում էինք սիրո թեմայով գրքեր: 130-ից ավել սիրո խոստովանություն ունենք այսօր, կարծում եմ հիանալի է: