Գլխավոր դատախազությունում ամփոփել են Երևանի դատախազության 2016թ-ի աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի դատախազությունում` ամփոփելով 2016թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները, ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի մայրաքաղաքային մարմինների պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը զեկուցել է մայրաքաղաքում 2016թ.-ի հանցավորության վիճակի, կառուցվածքի, շարժընթացի, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման վերաբերյալ վիճակագրական տվյալները, ներկայացրել դրանց բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքը: ՀՀ գլխավոր դատախազը, ներկայացված տվյալների հիման վրա ըստ վարչական շրջանների անդրադառնալով առանձին հանցատեսակների աճին ու դրանց բացահայտման ցուցանիշներին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխման և խափանման ուղղությամբ կատարվող միջոցառումներին, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության բազմակողմանիության և արդյունավետության ապահովմանը:
Արթուր Դավթյանը հատուկ անդրադարձել է հասարակական վայրերում, հրազենի գործադրմամբ բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ, չնչին առիթներով կատարված հանցագործությունների բացահայտման վիճակագրությանը և դրանց վերաբերյալ քրեական գործերի քննության արդյունավետությանը՝ նշելով, որ այդ հանցագործություններից չբացահայտվածները առանձին դեպքերում օպերատիվհետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումների, դրանք չպլանավորված և չհամակարգված իրականացնելու հետևանք են՝ նկատի ունենալով նաև, որ մայրաքաղաքի փողոցների և այլ հասարակական վայրերի մեծամասնությունը վերահսկվում է տարբեր նշանակության տեսախցիկներով:
Գլխավոր դատախազը, ընդգծելով հասարակական վայրերում կատարված, հնչեղության ստացած հանցագործությունների արագ բացահայտման հույժ անհրաժեշտությունը՝ նշել է, որ արդյունավետ օպերատիվհետախուզական միջոցառումներ չիրականացնելու և հանցանք կատարած անձանց չպարզելու, նրանց մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ ձեռք չբերելու արդյունքում այդ անձանց կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելը հասարակության անդամների մոտ առաջացնում է արդարացի դժգոհություն նպաստում է ավելի ծանր հանցագործությունների կատարմանը՝ էապես վնասելով երկրի իրավապահ մարմինների հեղինակությանը:
Գլխավոր դատախազը ուշադրություն հրավիրելով կրկնահանցագործությունների դեպքերի վրա՝ նշել է, որ դրանց վիճակագրությունը վկայում է որդեգրված քրեական քաղաքականության՝ պատժի նպատակների իրացման տեսանկյունից արդյունավետության մասին: Համոզմունք հայտնելով, որ կրկնահանցավորության դեմ պայքարն էապես պայմանավորված է նաև քրեակատարողական ոլորտի շարունակվող բարեփոխումներով, գլխավոր դատախազը նշել է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել կրկնահանցագործությունների դեմ նախականխիչ միջոցառումները՝ հատկապես ազատազրկման վայրերից վերադարձած անձանց կենցաղի և վարքագծի, նրանց զբաղմունքի ու հակումների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու միջոցով:
Անդրադառնալով հանցավորության կանխման խնդիրներին՝ Արթուր Դավթյանը կարևորել է յուրաքանչյուր դեպքում հանցագործության պատճառները և դրան նպաստող պայմանները քրեական գործի նախաքննությամբ պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այս առումով գլխավոր դատախազն առանձնացրել է հատկապես ուսումնական հաստատություններում հանցագործությունների նախականխման և նման հաստատություններում քրեածին միջավայրի բացառման նպատակով իրանակացվող աշխատանքներն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել ջանքերը ցանկացած հանցագործության վերաբերյալ գործով հետաքննության և նախաքննության լրիվությունը, օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և արդյունավետությունը ապահովելու, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, դրանց անհիմն սահմանափակումները բացառելու ուղղությամբ, այդ նպատակով գործի դնելով դատախազական ներգործության բոլոր միջոցները:
Կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է իրավապահ մարմինների աշխատանքի համակարգվածության, միասնականության, կանխատեսելիության և հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունը: Խորհրդակցության ընթացքում մայրաքաղաքի իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր