Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը հետևել է Դիլիջանի «Թումո» կենտրոնում ժամկետային զինծառայողների ուսուցման գործընթացին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 10-­ին այցելեց Դիլիջանի «Թումո» կենտրոն, որտեղ մեկնարկեց զինվորների դասընթացը, ինչի արդյունքում շուրջ 30 ժամկետային զինծառայողներ ստանալու են համակարգչային գիտելիքներ: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ «ԹՈւՄՈ-­Բանակ» ծրագիրը մի քանի ամիս կփորձարկվի, այնուհետև կշարունակվի խոշոր զորամասերում:

«Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ բոլոր ժամկետային զինծառայողներին կարողանանք տալ համակարգչային գիտելիքներ, նաև ստեղծենք պայմաններ, որպեսզի զինծառայողը հենց զորամասում կարողանա շարունակել ուսումը»,­- ասաց նախարարը՝ հավելելով, որ դասընթացներն ավարտելուց հետո ժամկետային զինծառայողները կստանան նվազագույն մակարդակի համակարգչային ծրագրավորման գիտելիքներ:

Հունվարի 14-­ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիրը։ Դրանով նախատեսված գործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21­րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։ Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։

Ծրագրում ներառված են հետևյալ ուղղությունները՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։

Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով։ Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով։

Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որն իր ուսանողներին հնարավորություն է տալիս հմտանալ արվեստի և տեխնոլոգիաների լավագույն ու ամենավերջին ոլորտներում: Ներկայումս Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործում է չորս կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս