ՀԱԿ-ի նախաձեռնությունը տապալվե՞ց

Ընտրությունների օրը փոփոխելու համար Հայ ազգային կոնգրեսը չի կարող դիմել Սահմանադրական դատարան. Այդ նպատակով ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքն, ըստ էության, դրական արդյունք չտվեց: Այս պահի դրությամբ ձևաթղթի տակ ստորագրել է 19 պատգամավոր, որը բավարար չէ գործընթացը սկսելու համար:

Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար հարկավոր է 27 ստորագրություն: Թեև այս դեպքում ժամանակային սահմանափակում չկար, սակայն ՀԱԿ-ը հայտարարել էր, որ կսպասի մինչև այս քառօրյայի ավարտը: Իսկ այսօր քառօրյայի վերջին օրն էր:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով` այս պարագայում նախաձեռնությունը կարելի է համարել մի քիչ ուշացած:

Հիշեցնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ քաղաքական ուժերի համաձայնության դեպքում կարելի է 4-5 օր հետաձգել ընտրությունների օրը, Գ.Մելիքյանը նշեց, որ շատ ցանկալի կլիներ, որ համաձայնությունը տրվեր մի քիչ շուտ, քանի որ գործընթացներն արդեն սկսված են և դրանք կանգնեցնելն այնքան էլ նպատակահարմար չի լինի այս պահին, որովհետև ընդամենը հաշված օրեր են մնացել:

«Կարծում եմ` ընտրությունների օրը չի փոխվի, նախ, որովհետև օրենքին, Սահմանադրությանը համապատասխանում է, և ՀՀ նախագահի կողմից հնչեցված հայտարարությանը արձագանքներ բոլոր քաղաքական ուժերից չեղան»,- ասաց Գ.Մելիքյանը` ՀԱԿ-ի նախաձեռնությունն անվանելով «ոչ ցանկալի և անիմաստ պոպուլիզմ»:

Տեսանյութեր

Լրահոս