Բաժիններ՝

Հայաստանը համարվում է ծերացող երկիր. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

«Մեդիա կենտրոնում» այսօր տեղի ունեցավ «Արտագաղթի տեմպերն ու միգրացիոն խնդիրները 2016-2017 թթ. Հայաստանում» թեմայով քննարկումը, որին մասնակցում էին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Խոսելով ՄԱԿ-ի կողմից կարևորվող գործոնների մասին, որոնք կարող են նպաստել Հայաստանում գրանցվող արտագաղթի տեմպերին, ինչպես նաև տարածքների անհամաչափ զարգացման հետ կապված ժողովրդագրական պատկերի արձանագրած փաստարկների մասին, ասուլիսի բանախոս Աննա Հովհաննիսյանը նշեց.

«ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը շատ է կարևորում միգրացիոն գործընթացներն ու դրանց ազդեցությունները ժողովրդագրական իրավիճակների վրա, որ շատ բացասական անդրադարձ են գրանցում՝ ցուցանիշների առումով: Մի երկիր, որտեղ ծնելիության մակարդակը պարզ վերարտադրությունից էլ ցածր է, տարիների դինամիկան ցույց է տալիս, որ բնակչության թվաքանակը գնալով նվազում է, և, որ ամենակարևորն է՝ միգրացիոն արտահոսքերը բերում են նաև ժողովրդագրական՝ տարիքային խմբերում մեծ խեղման: Հայաստանում այս պահի դրությամբ գրանցվում է հատկապես տարեցների թվաքանակի աճ, և հետևաբար՝ ինչպես բազմիցս արդեն նշվել է՝ Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Դրան նպաստող գործոններից մեկը նաև Հայաստանում առկա արտագաղթի տեմպերն են:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության մատուցած տվյալների՝ 2016 թվականին Հայաստանում միգրացիայի գնահատված մնացորդը կազմել է -24.600 մարդ, այսինքն՝ մենք ունենք այդքան թվով արտագաղթած մարդ: Եթե չլիներ այդ թիվը, ապա, ավելի պատկերավոր ասած՝ մենք կունենայինք բնական հավելաճ՝ 12.100 մարդ: Տվյալները փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի ընթացքում ավելի շատ ծնվել են, քան մահացել, սակայն գրանցված արտագաղթի հետևանքով մենք ունենք բնակչության թվաքանակի նվազում՝ 12.100 մարդով, որը բացահայտ ցույց է տալիս արտագաղթի բացասական հետևանքները»:

Խոսելով արտագաղթի պատճառների մասին՝ բանախոսը փաստում է՝ կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ արտագաղթի պատճառները պարզ են, ինչի մասին նաև բազմիցս բարձրաձայնվել է՝ գործազրկության բարձր մակարդակը.

«ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամը 2009 թվականին վերարտադրողական վարքագծի հետազոտություն իրականացրեց, որտեղ մենք հարցումներ էինք կատարել երեխաների թվաքանակի վերաբերյալ՝ ցանկանո՞ւմ են արդյոք զույգերը երեխաներ ունենալ, և, եթե ոչ, ապա ինչո՞ւ: Գրանցեցինք չափազանց ուշագրավ տվյալներ, որի համաձայն՝ հարցված բնակչության 46 տոկոսը հաստատեց՝ իր ապագան Հայաստանում չի տեսնում: Սրանք դեռևս խոսում են գնահատականների մասին, և դեռ չի կարելի վստահորեն ասել, որ հարցվածները կդառնան պոտենցիալ միգրանտներ, սակայն վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության առկա բնակչությունը չունի հավատ ապագայի նկատմամբ՝ հետագա երեխաներ ունենալու առնչությամբ, և ցանկանում է արտագաղթել»:

Աննա Հովհաննիսյանն ավելացրեց նաև, որ 2017 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ցանկանում է կրկնել 2009-ին իրականացված հետազոտությունը, որպեսզի պարզի՝ ի՞նչ փոփոխություն է գրանցվել մարդկանց վարքագծում ծնելիության և այլ ժողովրդագրական ցուցանիշների առնչությամբ, և, որ առավել կարևորն է՝ հասկանալ՝ ինչպե՞ս է փոխվել ազգաբնակչության կարծիքը ծնելիության հետ կապված խնդրի առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս