«Մինչև որևէ երկիր չիմանա, որ հայկական շահերին կպնելով՝ ունենալու է պրոբլեմներ, ցանկացած երկիր հայկական շահերն անտեսելու է». Թևան Պողոսյան

Այսօր կազմակերպված «Ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Լապշինի արտահանձնումը Բաքվին» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն ասաց, որ ցանկացած երևույթ, որը վերաբերում է ԼՂՀ-ին, չի կարող մեզ չհետաքրքրել: Ըստ նրա՝ այլ հարց է, թե ինչպես ենք մենք օգտագործում այդ երևույթը՝ մեր շահերն առաջ տանելու համար:

«Մի կողմից՝ կարող ենք ասել, որ Լապշինը ՀՀ քաղաքացի չէ, վատ չէր վարձատրվում իր գրած պատմությունների համար, տարբեր անձնագրեր օգտագործելով, իր շահերից ելնելով՝ փորձել է ինչ-որ գործողություններ անել, առերեսվել է քրեական գործընթացների հետ, և մեզ ինչո՞ւ պետք է նա հետաքրքրի: Բայց եթե հարցը դիտարկում ենք հայկական շահերի կողմից, հետևյալ հարցադրումներն ենք անում՝ ինչպես են որևէ մի երևույթ մեր թշնամիները մեր դեմ օգտագործելու, ինչպես ենք մենք թույլ տալու՝ նմանատիպ իրավիճակներ չլինեն, որ մեր թշնամիները չփորձեն որևէ բան մեր դեմ օգտագործել, և ինչ ենք մենք անելու, որ չձևավորվեն նմանատիպ հնարավորություններ մեր թշնամիների համար»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ այստեղ գալիս է մի կարևոր խնդիր, որը մեր պետական մտածելակերպի մեջ պետք է տեղ կգնի:

«Ինձ հիմա մի հարց է հետաքրքրում՝ ինչպիսի՞ դասեր ենք մենք քաղելու և ի՞նչ քայլեր ենք անելու մեր պետականաշինության և հայկական շահերն առաջ տանելու համար»,- ասաց նա:

Պատգամավորը նկատեց՝ այն օրը, երբ Սաֆարովին արտահանձնեցին Հունգարիայից Ադրբեջան, պետք է սկիզբը դառնար, որ Հայաստանի կառավարությունը կամ պետական մարմինները թեկուզ փակ նիստ հրավիրեին ու ասեին, որ այսօրվանից հետո իրենք պետք է նոր ինստիտուտ ներմուծեն իրենց աշխատանքի մեջ՝ սցենարների ծրագրավորում. «Պետք է փորձեին նախապատրաստվել նմանատիպ իրավիճակների, եթե մի այլ երկրում լինի, գործողությունների ինչ փաթեթ են պատրաստելու»:

Ինչ վերաբերում է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հայտարարություններին, թե ոչինչ չի կարողացել անել, Թևան Պողոսյանի կարծիքով՝ վկայում է այն մասին, թե ինչպիսի վերաբերմունք է եղել հայկական պետական համակարգում. «Սա համակարգային խնդիր է, և ամբողջ պետության վատ աշխատանքի արդյունք»:

Թևան Պողոսյանը նաև նշեց, որ մինչև որևէ երկիր չիմանա, որ հայկական շահերին կպնելով՝ ունենալու է պրոբլեմներ, ցանկացած երկիր հայկական շահերն անտեսելու է. «Լինեն դրանք հզոր թե փոքր երկրներ»:

Տեսանյութեր

Լրահոս