«ՀՀԿ-ն արջի ծառայություն մատուցողներ չունի». Համլետ Հարությունյան
«Անողոք պայքար է լինելու, որովհետև դաշտում շատ «պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ» կան, որոնց ներկայությունն անհրաժեշտություն է Ազգային ժողովում: Դրա համար պայքարը շատ սուր է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Թե ո՞ւմ են պետք այդ «պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները», Հ.Հարությունյանը նշեց, որ համենայն դեպս այս 25 տարվա ընացքում չձևավորվեց քաղաքական գործիչների պլեադա, ուղղակի բոլորն ուզում են զբաղվել քաղաքականությամբ, անկախ մասնագիտական կարողություններից, իրենց հասարակական դիրքից: Նրա կարծիքով` քաղաքականությունը հոբբի է դարձել, իսկ «քաղաքական գործիչ» այդ արհեստը շատերին դուր է գալիս:
Հարցին, թե ո՞ւմ ի նկատի ուներ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր կառավարության նիստում գերատեսչությունների ղեկավարներին, մարզային կառույցների ղեկավարներին զգուշացբելով՝ արջի ծառայություն չմատուցել, պատգամավոր պատասխանեց, թե ՀՀԿ-ն չունի արջի ծառայություն մատուցողներ, որովհետև ՀՀԿ-ն իր մարդկային ռեսուրսներով ամենահարուստն է, ունի հզոր տեղական կառույցներ, իշխանական լծակներ, իսկ այդ արջի ծառայությունները շատ հաճախ վատ են վերջանում կուսակցությունների համար:
Դիտարկմանը, որ այս դեպքում Կարեն Կարապետյանը որպես ՀՀԿ-ական է խոսում և մեսիջն ուղղված է հենց ՀՀԿ-ականներին, Հ.Հարությունյանը պատասխանեց. «Այո, ես տեսնում եմ մարդկանց, որ ավելորդ ակտիվություն են ցուցաբերում, բայց դրանք պիտանի չեն մեզ: Անձնական ինչ-որ շահեր են փնտրում: կուսակցությունը մոնոլիտ է և իր գաղափարախոսությամբ, իր կառույցներով կարող է տեղ գրավել առաջատարների ցուցակում»:
Անդրադառնալով իր առաջադրմանը` Հ.Հարությունյանը նշեց, որ դեռ չգիտի, թե ընտրությունների հետ կապված իրեն ինչ ճակատագիր է սպասվում: Հարությունյանը ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու, սպասում է Հանրապետականի ընտրացուցակի պատրաստ լինելուն:
«Դա որոշողը ես չեմ, մի քիչ էլ սպասենք, կտեսնենք: Ամսի 16-ին շատ չմնաց, ուզած-չուզած մինչև դա կհստակեցվի»,- ասաց նա: