«Մեր կուսակցության ղեկավարն արդարամիտ է, բոլորի պոտենցիալն ու աշխատանքը գիտի». Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը հերքում է ՀՀԿ-ական կանանց շրջանում նախընտրական ցուցակի շուրջ առկա կռիվների ու վիճաբանությունների մասին տարածված լուրերը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Հ.  Նաղդալյանը այդ տեղեկությունները «ստահոդ» անվանեց:

«Կանանց վեճերի մասին որևէ մեկը ո՛չ լսել է, ո՛չ էլ տեսել է, պարզապես հնարում են: ՀՀԿ և՛ խորհրդում, և՛ խորհրդարանական խմբակցությունում կա համերաշխ աշխատանք, մրցակցություն, բայց այդ մրցակցությունն ազնիվ ու շիտակ է: Ամեն մեկը հասկանում է, որ իր աշխատանքով պետք է ներկայանա ժողովրդին: Մեր կուսակցության ղեկավարն արդարամիտ է, բոլորի պոտենցիալն ու աշխատանքը գիտի, որոշումները հիմնված են լինելու հենց այդ փաստարկների վրա: Այդքան մի անհանգստացեք մեր փոխարեն, մենք, իհարկե, գնահատում ենք ձեր սրտացավությունը»,- ասաց նա:

Իր առաջադրվելու մասին որոշում Հ. Նաղդալյանը դեռևս չունի, սպասում է կուսակցության որոշմանը: Ըստ նրա` ՀՀԿ-ականներից յուրաքանչյուրը պատրաստ է և՛ ռեյտինգային, և՛ համամասնական ձևաչափով աշխատել և ամեն ինչ անել, որ կուսակցությունն ունենա ձայների մեծամասնությունն ու ընտրողների վստահությունը:

Արփինե Հովհաննիսյանի հետ իր հարաբերությունների լարված լինելու մասին խոսակցությունները ևս Հ.Նաղդալյանը «ստահոդ» որակեց. «Արփինե Հովհաննիսյանն առաջին իսկ օրվանից մեր կուսակցությունում, հետո խորհրդարանում աշխատանքի մեջ է եղել, միասին եղել ենք ԵԽԽՎ-ում, իմ կողմից՝ բացի հոգատարությունից, սրտացավությունից, բացի մեծավարի խորհրդից ոչ մի բան չի եղել: Վստահ եմ, որ ինքն էլ է այսպես մտածում»:

Տեսանյութեր

Լրահոս