«Բելառուսի կողմից Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը կեղտոտ գործարք է»

«Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը կեղտոտ գործարք է: Երկու պետությունների միջև այդ կեղտոտ գործարքը ժողովրդավարական արժեքների, մարդու ազատ խոսքի իրավունքի, քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքի խախտում է և չի բխում տարածաշրջանային խաղաղության տրամաբանությունից»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-բելառուսական պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա` սա քայլ է, որը ժողովրդավարական ռեժիմներին հատուկ չէ, որը դեմ է հայ-բելառուսական քաղաքական հարաբերությունների մակարդակին. «Որպես հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ պետք է նշեմ, որ սա քայլ է, որը չի բխում ոչ հայ-բելառուսական հարաբերություններից, ոչ էլ ռուս-բելառուսական հարաբերություններից, որովհետև պարոն Լապշինը նաև Ռուսաստանի քաղաքացի է»:

Է.Շարմազանովը նշեց, որ առայժմ նպատակահարմար չի գտնում նստել մի սեղանի շուրջ և քննարկել այս խնդիրը, որովհետև հանձնաժողովը բարեկամական համագործակցության հարթակ է, իսկ այս քայլը հաստատ բարեկամական չէ և չի բխում երկկողմ հարաբերություններից: Նշելով, որ Հայաստանը դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է Լապշինի արտահանձնումը կանխելու համար, Շարմազանովը վստահեցրեց, որ հայ պատգամավորները հարցը կբարձրացնեն տարբեր խողովակներով:

Տեսանյութեր

Լրահոս