ՀՀ և Ավստրալիայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ջուլի Բիշոփը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի Միության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ միջպետական հարաբերությունների սկզբնավորումից ի վեր մեր պետություններին հաջողվել է ձևավորել վստահության և հարգանքի վրա հիմնված ամուր և անկեղծ գործընկերություն: Հայաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնում, որ առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ, ինչին կծառայեն քաղաքական երկխոսության ընդլայնումը, մարդկային շփումները, իրավապայմանագրային դաշտի զարգացումը:
Նախարար Բիշոփն իր ուղերձում նշում է, որ նախորդ 25 տարիների ընթացքում Հայաստանը և Ավստրալիան ունեցել են ջերմ և բարեկամական հարաբերություններ՝ հիմնված մարդկային ամուր կապերի և միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում միասնական շահերի վրա: Ավստրալիայի արտգործնախարարը հավելում է, որ մեր համատեղ ջանքերը նպաստել են՝ զարգացնելու լայն քաղաքական, տնտեսական, հումանիտար և բնապահպանական օրակարգ՝ և երկկողմ, և բազմակողմ ձևաչափերում:
Երկու նախարարները գոհունակությամբ են նշում միջազգային կազմակերպություններում հաստատված սերտ փոխգործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը և Ջուլի Բիշոփը բարձր են գնահատում Ավստրալիայի հայության դերը երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում:
Հայաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները վստահություն են հայտնում, որ համատեղ ջանքերով մեր պետությունների միջև բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կխորանան: