Բաժիններ՝

Որքա՞ն նվազեցնել կարմիր գծերի տուգանքը, եթե ծառայություն չի մատուցվում

Ազգային ժողովը պետք է վերանայի կարմիր գծերի տուգանքը: Պատգամավոր Էլինար Վարդանյանի ներկայացրած նախագծով  առաջարկվում է փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում և Երևանում ավտոկայանատեղիի տեղական տուրքը չվճարելու դեպքում սահմանված 5000 դրամ տուգանքը նվազեցնել 1000 դրամ: Կառավարությունն այս փոփոխմանը դեմ չէ, բայց վարչական ծախսը փակելու համար համաձայն է 3000-5000 դրամ սահմանաչափին: Թե որքա՞ն կվազեցվի տուգանքի չափը, դեռ պարզ չէ: Նախագիծն ԱԺ մեծ օրակարգում է և սպասում է քննարկման իր հերթին:

Օրենքով, հիշեցնենք, ավտոկայանատեղիի վճարը սահմանված է յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ, մեկ օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար` 2000 դրամ, և մեկ տարվա համար՝ 12000 դրամ:

«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է առավելագուն չափ սահմանվի, որ տարեկան որոշակի գումարից ավելի չլինի տուգանքը, այլապես կարող է աբսուրդային իրավիճակ լինել, որ 12 հազար դրամ վճարի փոխարեն՝ 50 հազար դրամ տուգանք վճարի վարորդը. «1000 դրամ տուգանքին էլ ես կողմ չեմ, կարելի է սահմանել ավելի քիչ տուգանք` 500 դրամ, որը հնգապատիկ չափ է, ու սահմանել առավելագույն շեմ: Թող քաղաքացին որոշի` տարեկա՞ն վճարել, թե՞ տուգանքը վճարել: Եթե հիպոթետիկ վերցնենք` օրական մեկ անգամ 1000 դրամ տուգանվելու դեպքում տարեկան կկազմի 365 հազար դրամ»:

Ըստ նրա` խնդիրն այն է, որ ծառայություն չի մատուցվում քաղաքացիներին, կարմիր գծերն ուղղակի անիմաստ են: Տ.Քեյանը նշեց, որ վերջերս բաց նամակ էին ուղարկել քաղաքապետարան, որ կանգնեցնեն տուգանքները, քանի որ ձնակույտերի վրայով հնարավոր չի լինում կայանել, գծերն էլ չեն երևում, և քաղաքապետարանը համապատասխան որոշում է կայացրել: Հ/կ նախագահի կարծիքով` եթե ծառայություն չի մատուցվում, անիմաստ է գումար գանձելը, ավելի լավ է կայանատեղիների աշխատողներին հետ բերել, որ գոնե կհսկեն, որպեսզի մեքենաները կայանած վիճակում չվնասեն:

«Լավ է, որ խելքի են եկել, գիտակցել, որ չի կարելի 100 դրամ վճարի դիմաց՝ 5000 դրամ տուգանել: Ցավալի է, որ ուշ են նկատել, որ երևի անզգույշ են եղել և մի 0 ավել էին գրել»,- ասաց Տ.Քեյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս