Օսկանյան-Օհանյան դաշինքի վեջնական կազմը պարզ կլինի 1-2 օրից
Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ձևավորվող դաշինքի վերջնական կազմը պարզ կլինի 1-2 օրից:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ե՞րբ կավարտվի դաշինքի ձևավորումն ու անունն ի՞նչ է լինելու:
«Անունն էլ այդ ժամանակ կհայտարարենք: 1-2 օրից վերջանալու են բանակցությունները, և ամբողջանալու է այդ պահին «ինչ ունենք` ունենք» տարբերակով: Այս պահին բանակցություններն ավարտում ենք «Ժառանգության» հետ, որի հետ վաղուց բանակցել էինք, և քանի որ իրենք ներսում ունեին խնդիրներ` դաշինքով մասնակցել-չմասնակցելու մասով, ձգձգվեց, բայց իրենք մասնակցել են նաև մեր գաղափարական հենքի ձևավորմանը»,- ասաց Ս.Մարգարյանը:
Մեր հարցին` այլ ուժերի հետ բանակցություններ կա՞ն, Մարգարյանը պատասխանեց. «Կա բանակցություն, բայց անուն չեմ կարող տալ, 1-2 օրից վերջնական կլինի»:
Նա նշեց, որ դաշինք կազմելու հնարավորություն կա մինչև փետրվարի 16-ը, եթե ընտրությունների օրը մնում է ապրիլի 2-ը: Պատգամավորի խոսքով` ռեյտինգայինով առաջադրվելու առավելագույն տեղերը 164-ն են, և իրենց դաշինքն այդքան թեկնածու ունի: Ցուցակը գլխավորելու հարցը քննարկվում է Սեյրան Օհանյանի հետ են, բայց ըստ Մարգարյանի՝ այլ թեկնածուներ էլ կան. «Քանի դեռ վերջնական չի, ճիշտ չի որևէ բան ասել, որովհետև կարող են փոփոխություններ լինել»: